Ներկայացվել է գերմանական Puma ՀՄՄ-ի սերիական արտադրությամբ տարբերակը

Փարիզում անցկացված Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ ներկայացվել է գերմանական Puma հետևակի մարտական մեքենայի սերիական արտադրության մտած տարբերակը: Այս մասին հայտնում է Army Recognition պարբերականը:

Տեղեկության համաձայն՝ հետևակի մարտական մեքենան 2012-ին ցրտին դիմանալու փորձարկումներ է անցել Նորվեգիայում, իսկ 2013-ին շոգին դիմանալու փորձարկումներ է անցել Արաբական Միացյալ Էմիրություններում: Միայն դրանից հետո է այն մտցվել սերիական արտադրության:

Սակայն կասկածների տեղիք է տալիս այն հանգամանաքը, որ դեռևս 2013-ի հոկտեմբերին հայտնի դարձավ, որ հայտնաբերված թերությունների պատճառով նոր հետևակի մարտական մեքենան միառժամանակ չի մտնելու սպառազինության մեջ: Այդ մասին Գերմանիայի խորհրդարանում հայտնել էր երկրի պաշտպանության նախարարը:

Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան Eurosatory-2014 ռազմարդյունաբերական ցուցահանդեսի ժամանակ

Նախարարի նշած 5 հիմնական թերությունների մեջ եղել էին էլեկտրոնային համակարգերի աշխատանքի անկայունությունը, ծրագրային ապահովման թերի լինելը, տեխնիկական փաստաթղթերի խնդիրները, մեքենայի խիստ ծանր զանգվածը ու անձնակազմի դիտման սարքերի անարդյունավետությունը։

Թերությունները հայտնաբերվել են Puma-ների փորձնական 5-միավորանոց խմբաքանակի փորձարկումների ժամանակ։ Մասնավորապես նշվում էր, որ խնդիրներ է ստեղծում տեղեկատվության փոխանակման անլար համակարգը հետևակի մարտական մեքենայի ու գերմանական զինված ուժերի Gladius (Գլադիուս) հեռանկարային զինվորական հանդերձավորման համակարգի միջև։ Հատկապես խիստ ցածր էին գնահատվել նաև մեքենայի մեխանիկ-վարորդի դիտման սարքավորումների հնարավորությունները։

Սակայն թերություններից գլխավորը հետևակի մարտական մեքենայի չափազանց մեծ զանգվածն էր: Puma-ի իրանը պատրաստված է եռակցված պողպատյա զրահից։ Բազային զրահավորմամբ հետևակի մարտական մեքենայի զանգվածը մոտ 31,5 տոննա է, իսկ լրացուցիչ զրահավորման առկայությամբ մեքենայի զանգվածը հասնում է 43 տոննայի։ Հենց վերջին ցուցանիշը գերմանական զինված ուժերի փորձագետները համարում են չափազանց բարձր։ Նախ այդպիսի զանգվածը խնդիրներ է առաջացնում մեքենայի շարժունակության առումով, հետո էլ նման զանգվածը խիստ կծանրաբեռնի մեքենայի ընթացամասը։

Գերմանիայի պաշտպանության նախարարը նշել էր, որ մեքենան 2014-ին չի տրամադրվի զինված ուժերին, ինչպես նախատեսվում էր պայմանագրով, իսկ նախարարությունը մինչև ամսվա վերջ սպասելու է արտադրող ընկերությունների պարզաբանումներին ու առաջարկներին։ Նման պայմաններում քիչ հավանական է, որ նախագծող ընկերությունները հասցնեին վերացնել հատկապես մեքենայի զանգվածի հետ կապված թերությունները, նորից փորձարկել մեքենան, ստանալ պաշտպանության նախարարության հավանությունն ու հետևակի մարտական մեքենան մտցնել սերիական արտադրության:

Puma-ների տրամադրման պայմանագիրը 2009-ին կնքվել էր մի կողմից Գերմանիայի պաշտապանության նախարարության և մյուս կողմից Krauss Maffei Wegmann ու Rheinmetall ընկերությունների միջև։ Պայմանագրի համաձայն  նախատեսված էր, որ երկու ընկերությունները համատեղ պետք է արտադրեին ու Գերմանիայի զինված ուժերին տրամադրեին 405 միավոր Puma հետևակի մարտական մեքենաներ։ Պայմանագրի արժեքը կազմում էր 4,26 մլրդ ԱՄՆ դոլար, իսկ Գերմանիայի պաշտպանության նախարարության ընդհանուր ծախսերը կազմելու էին 5,92 մլրդ ԱՄՆ դոլար։ Հետագայում՝ 2012-ին, պայմանագիրը վերակնքվել է՝ Գերմանիայի զինված ուժերի կրճատման, ինչպես նաև ծախսերի ավելացման հետ կապված։ Նոր պայմանագրով տրամադրվելիք հետևակի մարտական մեքենաների քանակը հասցվեց 350 միավորի։

Գերմանական Puma հետևակի մարտական մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով ու 5,56 մմ գնդացրով, ինչպես նաև լրացուցիչ Spike (Սփայք) հակատանկային կառավարվող հրթիռներ։ Մեքենայի վրա դրված է V-աձև 10 մխոցանի 1073 ձիաուժանոց շարժիչ, որի շնորհիվ մեքենայի առավելագույն արագությունը 70կմ/ժ է։ Մեքենայի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել մինչև 6 դեսանտային։

One response to “Ներկայացվել է գերմանական Puma ՀՄՄ-ի սերիական արտադրությամբ տարբերակը

  1. Pingback: Պումա ՀՄՄ-ներն առաջիկայում կհամալրեն Գերմանական զինուժի սպառազինությունը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *