Սույն թվականի սեպտեմբերի 16-26-ն Ուկրաինայի արևմոտքում կայանալու են ՆԱՏՕ-ի «Արագ եռաժանի-2014» (Rapid Trident-2014 ) զորավարժություններ, որոնց մասնակցելու են նաև Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողները։
Այս մասին հաղորդում է «Ռոյթերս» լրատվական գործակալությունը՝ ընդգծելով, որ վարժանքներին մասնակցելու են ավելի քան 1500 զինծառայողներ ԱՄՆ-ից, Ադրբեջանից, Ուկրաինայից, Մեծ Բրիտանիայից, Կանադայից, Գերմանիայից, Լատվիայից, Լիտվայից, Մոլդովայից, Նորվեգիայից, Լեհաստանից, Ռումինիայից ու Իսպանիայից։ Ադրբեջանի պաշտպանության նախարարությունն իր հերթին հաստատել է տեղեկությունը՝ հավելելով,որ առաջիկայում մամուլի ծառայությունը մանրամասն տեղեկություններ կներկայացնի ադրբեջանցիների մասնակցության առնչությամբ։
Հիշեցնենք, որ այս վարժանքները պետք է որ կայանային 2014-ի հուլիսին, սակայն մայիսին արդեն հայտնի էր, որ դրանք հետաձգվել են։ Փորձագետների կարծիքով՝ համանման որոշումը կապված էր Ուկրաինայի ներքին սրված իրավիճակի, ՌԴ-ի հետ լարված հարաբերությունների և երկրի արևելյան շրջանների՝ Կիևից անկախացման միտման հետ։
Զորավարժությունների հիմնական նպատակը համատեղ խաղաղապահ առաքելության համակարգմանն ուղղված քայլերն են և պայթուցիկների վնասազերծման հմտությունների զարգացումը զինծառայողների մոտ։
Pingback: Ադրբեջանը Ֆինլանդիայում մասնակցելու է ՆԱՏՕ զորավարժություններին | Ռազմ.info