Ֆրանսիան նպատակահարմար չի համարում «Միստրալը» փոխանցել Ռուսաստանին

Հաշվի առնելով Ուկրաինայում ստեղծված ներկա իրավիճակը՝ ֆրանսիական կողմը որոշել է, որ հիմա նպատակահարմար չէ ռուսաստանյան կողմին փոխանցել «Միստրալ» տիպի ռազմանավերից առաջինը։ Ֆրանսիայի ազգային անվտանգության խորհրդի նիստից հետո նման բովանդակությամբ հաղորդագրություն է տարածել Ֆրանսիայի նախագահի աշխատակազմը։

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Միստրալ դասի «Վլադիվոստոկ» ուղղաթիռակիրը

Ֆրանսիական կողմը նշում է, որ թեև ակնկալիք կա, որ շուտով Ռուսաստանն ու Ուկրաինան համաձայնության կգան, ու Ուկրաինայի հարավ-արևելքում կհայտարարվի հրադադար, սակայն այնտեղ տիրող ներկա իրավիճակը չի բավարարում ֆրանսիական կողմին, ինչի պատճառով Ֆրանսիան թույլ չի տալիս ռազմանավերից առաջինը հանձնել Ռուսաստանի զինված ուժերին, հայտնում է ռուսաստանյան «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը։

Ֆրանսիական կողմի բնորոշմամբ՝ անվտանգության խորհուրդը քննել է Ուկրաինայի հարավ-արևելքում տիրող վիճակն ու եզրակացրել, որ ներկայում այնտեղ իրավիճակը ծանր է, իսկ այդ առնչությամբ Ռուսաստանի գործողությունները խախտում են Եվրոպայում անվտանգության սկզբունքները։

Ռուսաստանյան կողմն այս հաղորդագրությանը դեռ չի պատասխանել, իսկ ռազմանավերը պատրաստող ֆրանսիական նավաշինական ընկերությունում հրաժարվել են պաշտոնապես արձագանքել դրան։

Հիշեցնենք, որ «Միստրալ» ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը՝«Վլադիվոստոկը», Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի հոկտեմբերին, երկրորդը՝ «Սևաստոպոլը»՝ 2015-ի հոկտեմբերին:

Նախատեսված էր, որ երկու ռազմանավերը Ֆրանսիան տրամադրելու է ՌԴ ԶՈւ ռազմածովային ուժերի խաղաղօվկիանոսյան նավատորմին: Խոսակցություններ կային նաև, որ նավերից մեկը կարող է տեղակայվել Սև ծովում, ու թեև ռուսաստանյան կողմը հերքել է նման տեղեկությունները, սակայն դա անհանգստություն է առաջացնում ՆԱՏՕ-ում: Բացի այդ, ուկրաինական ճգնաժամի հետ կապված՝ ՆԱՏՕ-ական գործընկերները ճնշում են գործադրում Ֆրանսիայի վրա, որպեսզի վերջինս հրաժարվի ռազմանավերը Ռուսաստանին տրամադրելուց։

Սրան ի պատասխան՝ ռուսաստանյան կողմը հայտարարել է, որ ուղղաթիռակիր նավերը չտրամադրելու դեպքում Ռուսաստանը դատարանի միջոցով Ֆրանսիայից կպահանջի վերադարձնել ռազմանավերի համար արդեն վճարած գումարն ու նաև տուգանքը։

Ավելացնենք, որ «Միստրալ» տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի շարք խնդիրներ կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։

2 responses to “Ֆրանսիան նպատակահարմար չի համարում «Միստրալը» փոխանցել Ռուսաստանին

  1. Pingback: Ռուսաստանին ռազմանավեր տրամադրելու որոշումը Ֆրանսիայում կընդունեն հոկտեմբերի վերջին | Ռազմ.info

  2. Pingback: «Ռուսաստանը Միստրալի կարիք չունի». Ռոգոզին | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *