Թուրքիան կրկին երկարաձգեց ՀՕՊ համակարգի մրցույթը

Թուրքիային ևս մեկ անգամ երկարաձգել է միջին և մեծ հեռահարության հակաօդային ու  հակահրթիռային պաշտպանության համակարգի մրցույթի ժամկետները։ Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը տեղեկացրել է, որ նոր առաջարկների է սպասում մինչ այս 2014 թվականի ավարտը, տեղեկացնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Թուրքիայի ռազմարդյունաբերական քարտուղարությունը պարզաբանել է մրցույթի ժամկետի երկարաձգման որոշումը՝ նշելով «ծրագիրը մեծ կարևորություն է ներկայացնում, և պետք է հաշվի առնել բոլոր դետալները»։

Այսպիսով, թեև 2013 թվականի սեպտեմբերին ՀՕՊ համակարգի մրցույթում հաղթող էր ճանաչվել չինական կողմը, սակայն Թուրքիան չի շտապում պայմանագիր կնքել՝ հնարավորություն տալով մրցույթի մյուս մասնակիցներին շարունակել պայքարը։

Փորձագետների մի մասը սա կապում են ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ճնշումների, ինչպես նաև Թուրքիայի՝ մրցույթի մյուս մասնակիցներից ավելի հարմար առաջարկ ստանալու ակնկալիքի հետ։

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp T, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը, որոնք ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա են ստեղծված։

Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։ Թուրքիան մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո էլ մի քանի անգամ երկարաձգել է մրցույթը՝ նոր առաջարկների սպասումով։ Մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը, որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։