Թուրքիան Չինաստանի առաջարկած HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) մեծ և միջին հեռահարության հակաօդային պաշտպանության համակարգերի նկատմամբ նախկին հետաքրքրությունը կորցրել է և չինական տարբերակի հնարավորությունները նախորդ տարվա համեմատ նվազել են։
Նման տեղեկություն է տարածել հեղինականավոր DefenseNews լրատվակայքը՝ հղում կատարելով Թուրքիայի կառավարությունում բարձրաստիճան մի պաշտոնյանի, ում անունը չի հրապարակում։
Աղբյուրը նշել է, թե ներկայում բանակցությունները շարունակվում են չինական ընկերության հետ, սակայն տարբեր հարցերում ի հայտ են եկել խնդիրներ, ինչն էլ որոշակիորեն կարող է ազդել Անկարայի վերջնական ընտրության վրա՝ ոչ հօգուտ չինական HQ-9-երի։
Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։ 3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp T, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը, որոնք ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա են ստեղծված։
Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։
Թուրքիան մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո էլ մի քանի անգամ երկարաձգել է մրցույթը՝ նոր առաջարկների սպասումով։ Ներկայում մրցույթը երկարաձգվել է մինչ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը։ Մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը, որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։
Pingback: Թուրքիան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի եվրոպական առաջարկի շուրջ է բանակցում | Ռազմ.info