Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովն օգոստոսի 27-ին մեկնելու է Ռումինիա՝ իր ռումինացի պաշտոնակից Միրչի Դուշանի հրավերով։Ինչպես հաղորդում է Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, հանդիպման ընթացքում ծրագրվում է քննարկել երկկողմ համագործակցության խորացման հետ առնչվող մի շարք հարցեր։ Ըստ աղբյուրի՝ այցը տևելու է մինչև օգոստոսի 28-ը։
Ադրբեջանն ու Ռումինիան առավել սերտորեն համագործակցում են 2004-ից ի վեր, երբ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այցելեց Բուխարեստ։ Այցի ընթացքում երկրների միջև կնքվեցին ավելի քան 11 համաձայնագրեր՝ քաղաքական, կրթական ու տնտեսական ուղղվածության։
Ավելի վաղ՝ 2000-ին, երկու երկրների պաշտպանության նախարարները ստորագրել են փոխգործակցության համաձայնագիր։
2012-ի փետրվարին Ադրբեջան էր ժամանել Ռումինիայի նախագահի խորհրդականը՝ Ադրբեջանի այն ժամանակվա պաշտպանության նախարար Սաֆար Աբիևի հետ հանդիպմանը հույս հայտնելով ավելի սերտ համագործակցության մասին։