Իսրայելի պաշտպանության բանակի օդուժի ինքնաթիռները հարվածներ են հասցրել Գազայի հատվածում տեղակայված պաղեստինյան խորհրդարանի շենքին։
Պաղեստինի առողջապահության նախարարության տվյալներով՝ 2014-ի հուլիսի 7-ից մինչ օրս իսրայելական բանակի գործողությունների հետևանքով Գազայի հատվածում սպանվել է 2135 հոգի, վիրավորվել՝ 10 198-ը։ Սպանվածների շարքում 578-ը երեխաներ են, 261-ը՝ կանայք, 102-ը՝ տարեցներ։
Նշենք, որ Իսրայելն օրերս կրակ է բացել նաև Լիբանանի տարածքի ուղղությամբ՝ ի պատասխան լիբանանյան կողմից արձակված հրթիռին, որը, իսրայելական կողմի հավաստիացմամբ, ընկել է Քիրյաթ քաղաքի մերձակայքում։
Ինչպես հաղորդում է իսրայելական The Times of Israel պարբերականը, իսրայելական կողմը հակադարձել է հրետանային կրակով՝ հարվածներ հասցնելով Լիբանանի հարավային սահմաններին։
Հավելենք, որ Իսրայելի պաշտպանության բանակը հուլիսի 8-ին հայտարարել էր պաղեստինյան «ՀԱՄԱՍ» խմբավորման դեմ ռազմական գործողության մեկնարկի մասին։ Պատճառը, ըստ իսրայելական կողմի, Գազայի հատվածից իրենց ուղղված հրթիռային չդադարեցվող հարվածներն են։
Ըստ փորձագետների՝ Իսրայելի ակտիվությունը կապված է 3 իսրայելցի պատանիների սպանության հետ։ Հունիսի 12-ին նրանց առևանգել էին, Իսրայելը նույն օրն առևանգման պատասխանատու էր հայտարարել ՀԱՄԱՍ-ին։ Ավելին, հունիսի 26-ին Իսրայելի անվտանգության համընդհանուր ծառայությունը հրապարակել էր ՀԱՄԱՍ-ի 2 ակտիվիստների լուսանկարները և տվյալները, որոնք, ըստ իսրայելական կողմի, մեղավոր են առևանգման հարցում։
Օրեր անց պատանիների դիերը հայտնաբերել էին Հորդանան գետի արևմտյան ափին՝ Հևրոն քաղաքից դեպի հյուսիս ընկած հատվածում։ ՀԱՄԱՍ-ը հերքել է, թե իր անդամները որևէ առնչություն ունեն պատանիների սպանության հարցում։
Այնուհանդերձ, Իսրայելի ուժայիններն այդ օրվանից ի վեր մի շարք գործողություններ էին իրականացրել, որոնց արդյունքում ձերբակալվել է 400 արաբ, որոնց շարքում են ՀԱՄԱՍ-ի անդամներ, պաղեստինցի քաղաքական գործիչներ։
Բացի այդ, ձերբակալվել էին 57 պաղեստինցիներ, որոնց 2011-ին ազատ էին արձակել իսրայելցի առևանգված զինծառայող Հիլադ Շալիթի ազատման դիմաց։ Իսրայելի զինծառայողներն այս ընթացքում խուզարկել էին մոտ 3 հազար շինություններ, այդ թվում՝ հեռուստաընկերությունների ու թերթերի գրասենյակներ։