Թուրքիան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի եվրոպական առաջարկի շուրջ է բանակցում

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանն օրերս հայտարարել է, որ Անկարան բանակցում է ֆրանս-իտալական Eurosam ընկերության հետ SAMP/T Aster 30 զենիթահրթիռային համալիրները ձեռք բերելու համար՝ Թուրքիայի կարիքների համար մեծ հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության համակարգերի մրցույթի շրջանակներում։

 SAMP/T. Ֆրանսիայի ԶՈւ

SAMP/T. Ֆրանսիայի ԶՈւ

«Չինաստանի տարբերակի հարցում կային անհամաձայնություններ համատեղ արտադրության և տեխնոլոգիաների հարցերում։ Eurosam-ը մեզ նոր առաջարկ է ներկայացրել, սակայն Չինաստանի հետ բանակցությունները նույնպես շարունակվում են, ինչպես և ֆրանսիական կողմի հետ։ Մեզ համար շատ կարևոր է համատեղ արտադրության հնարավորությունը»,-հայտարարել է Թուրքիայի նախագահը, փոխանցում է «Ջեյնս» ռազմական հանդեսը։

Օրերս ևս տեղեկություններ էին տարածվել, որ 2013-ին հաղթող ճանաչված չինական ՀՕՊ համակարգի հարցում տարաձայնություններ կան, և Անկարան կարող է ընտրել այլ տարբերակներ։

Հիշեցնենք, որ 2013-ի սեպտեմբերին Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ քննարկվել էր հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, որոնք այդ երկիրը ներկայում չունի։

3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp T, չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը, որոնք ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա են ստեղծված։

Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ ՆԱՏՕ-ն հայտարարել է, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։

Թուրքիան մրցույթի արդյունքները հայտարարելուց հետո էլ մի քանի անգամ երկարաձգել է մրցույթը՝ նոր առաջարկների սպասումով։ Ներկայում մրցույթը երկարաձգվել է մինչ 2014 թվականի դեկտեմբերի 31-ը։

Մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը, որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։ Այսպիսով, Թուրքիան ներկայում բանակցում է ոչ միայն չինացիների հետ, այլ նաև եվրոպական ընկերության հետ։

2 responses to “Թուրքիան մեծ հեռահարության ՀՕՊ համակարգի եվրոպական առաջարկի շուրջ է բանակցում

  1. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Ռազմ.info

  2. Pingback: Ռազմաշաբաթ. Թուրքիա. սեպտեմբերի 7-13 | Թուրքագիտական պորտալ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *