Թուրքիան ևս մեկ անգամ հետաձգել է ՀՕՊ համակարգերի գնումը մինչև 2015-ի հունվար

Թուրքիան վեցերորդ անգամ հետաձգել է 2013-ից անցկացվող մեծ և միջին հեռահարության հակաօդային և հակահրթիռային պաշտպանության զենիթահրթիռային համալիրների գնման մրցույթը։ Այս մասին դեկտեմբերի 21-ին ԱԶԿ-ի՝ Բայրակլը գավառում կազմակերպված ժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Իսմեթ Յըլմազը ։

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Ս-300 ԶՀՀ-ի չինական կրկնօրինակ՝ HQ-9 ԶՀՀ

Յըլմազը նշել է, որ բանակցությունները դեռևս չեն ավարտվել, և անհրաժեշտ է մեկ անգամ ևս երկարաձգել մրցույթի ժամկետը, որպեսզի մյուս մասնակիցների հետ քննարկվեն նոր առաջարկները։ Նա նշել է, որ վարչապետ Դավութօղլուի ղեկավարությամբ հունվարին անցկացվելիք ռազմարդյունաբերության կոմիտեի ժողովի ընթացքում այդ հարցի վերաբերյալ վերջնական որոշում կկայացվի։

Իսմեթ Յըլմազը մրցույթի հաղթողին որոշելու համար մի քանի նախապայման է առաջ քաշել։  Նա նշել է, որ եթե Թուրքիան ցանկանում է անկախ արտադրություն ունենալ, ապա աշխատանքը չպետք է ամբողջությամբ փոխանցվի օտարերկրյա ընկերություններին։ Նախ պետք է տեխնոլոգիաների փոխանակում իրականացվի, պետք է մասնակցեն նաև Թուրքիայի արտադրական ընկերությունները, կազմակերպվի համատեղ արտադրություն Թուրքիայում, և ներկայացվի առավել հարմար գին։

Ամերիկյան Defense News կայքի փոխանցմամբ Թուրքիայի վրա ճնշում են գործադրում ԱՄՆ-ը և ՆԱՏՕ-ի անդամ մյուս երկրները, ինչի հետևանքով անիրական է դառնում չինական ընկերության հետ համագործակցությունը։ Նշվում է, որ առանց ՆԱՏՕ-ի տեխնիկական աջակցության չի կարող արդյունավետորեն օգտագործել չինական հակաօդային պաշտպանության զենքերը, քանի որ երկրի հակաօդային ու հակահրթիռային համակարգի ենթակառուցվածքը ՆԱՏՕ-ինն է, ու Թուրքիան չի կարող այս հարցում միանձնյա որոշում կայացնել։

Նշենք, որ օգոստոսին Թուրքիայի ռազմարդյունաբերության քարտուղարությունը, հերթական անգամ երկարաձգելով մրցույթի անցկացման ժամկետները, մրցույթի արդյունքների ամփոփման վերջնաժամկետ էր հայտարարել 2014-ի դեկտեմբերի 31-ը։

Հակաօդային և հակահրթիռային պաշտպանության T-Loramids նախագիծը, որով նախատեսվում էր Թուրքիայի համար գնել մեծ հեռահարության զենիթահրթիռային համալիրներ, քննարկվել էր դեռևս 2013-ի սեպտեմբերին՝ Թուրքիայի վարչապետ Թայիփ Էրդողանի գլխավորությամբ և պաշտպանության նախարարի, ԶՈւ գլխավոր շտաբի պետի ու ռազմարդյունաբերական քարտուղարության ղեկավարի մասնակցությամբ ռազմարդյունաբերական հանձնաժողովի նիստի ժամանակ։

3-4 մլրդ դոլար արժողությամբ պայմանագրի համար պայքարում էին ամերիկյան Patriot PAC3, ռուսաստանյան Ս-300, ֆրանս-իտալական Samp/T ու ռուսաստանյան Ս-300-ների հիմքի վրա ստեղծված չինական HQ-9 (արտահանման տարբերակ՝ FD-2000) ՀՕՊ համակարգերը։

Նիստի ժամանակ որոշում էր կայացվել ընտրել չինական տարբերակը, քանի որ այն մատչելի էր և հնարավորություն էր տալիս համատեղ արտադրություն հիմնել։ Այս որոշումից խիստ դժգոհ էին մնացել ԱՄՆ-ն և ՆԱՏՕ-ն։ Վերջինս  հայտարարել էր, որ չինական զենիթահրթիռային համալիրները չեն կարող ինտեգրվել Դաշինքի ՀՕՊ համակարգին, ինչի արդյունքում դրանց արդյունավետությունը զգալի նվազում էր։

Մրցույթի արդյունքներով ներկայում առաջին հորիզոնականում է Չինաստանը ներկայացնող CPMIEC ընկերության առաջարկը, որին հետևում է Eurosam ընկերությունը (Samp/T)։ Եռյակը եզրափակում է Միացյալ Նահանգների առաջարկած Patriot ՀՕՊ համակարգը։

2 responses to “Թուրքիան ևս մեկ անգամ հետաձգել է ՀՕՊ համակարգերի գնումը մինչև 2015-ի հունվար

  1. Pingback: Թուրքիան սեփական ինքնաձիգների սերիական արտադրություն է սկսելու. Դավութօղլուն | Ռազմ.info

  2. Pingback: Թուրքիան ապրիլի 24-ին ընդառաջ դադարեցրել է ՀՕՊ համակարգերի գնման մրցույթը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *