Բեռնափոխադրող ընկերությունը չի վերադարձնում Ուկրաինայի զրահափոխադրիչները

Ծովային փոխադրումներ իրականացնող White Whale Shipping ընկերությունը թաիլանդական նավահանգստում կալանքի տակ է դրել սեփական նավով Թաիլանդ տեղափոխվող 13 միավոր զրահափոխադրիչները և հրաժարվում է դրանք տրամադրել Թաիլանդին կամ հետ վերադարձնել Ուկրաինա:

Թաիլանդի զինված ուժերի ԲՏՌ-3 զրահափոխադրիչները

Թաիլանդի զինված ուժերի ԲՏՌ-3 զրահափոխադրիչները

Պատճառն այն է, որ Ուկրաինան դեռ չի վճարել ինչպես նշված 13 միավոր զրահափոխադրիչների տեղափոխման գումարը, այնպես էլ «իրաքյան» զրահափոխադրիչների տեղափոխման ու հետ վերադարձի ծախսերը:

Երկու պայմանագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնող White Whale Shipping ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Վարվարենկոյի խոսքով՝ ուկրաինական կողմն իրենց ընկերությանը պարտք է 170 հազար ամերիկյան դոլար նշված 13 զրահափոխադրիչների տեղափոխան համար ու ևս 700 հազար դոլար՝ Իրաքի զրահափոխադրիչները տեղափոխելու, հետագայում էլ՝ վերադարձնելու համար:

Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ընկերությունը զրահափոխադրիչները կալանքի տակ է պահելու այնքան ժամանակ, քանի դեռ պատվիրատու ուկրաինական ընկերությունները չկապվեն իրենց հետ:

Խնդիրն այն է, որ փոխադրող ընկերությունը Ուկրաինական զրահատեխնիկայի տեղափոխման երկու պայմանագրերն էլ կնքել է միջնորդ ընկերությունների միջոցով: Ներկայում այդ ընկերություններ արդեն չեն գործում, իսկ ուկրաինական կողմը չի պատասխանում փոխադրող ընկերության զանգերին:

Թաիլանդին զրահափոխադրիչներ տրամադրելու մասին պայմանագիրը Ուկրաինան կնքել էր դեռևս 2011-ի օգոստոսին: Պայմանագրով նախատեսված էր, որ ուկրաինական կողմը պատվիրատուին է փոխանցելու 121 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ, որի համար ստանալու է շուրջ 140 մլն ամերիկյան դոլար: Մինչ այդ Թաիլանդի զինված ուժերի սպառազինության մեջ առկա էր ևս 102 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչ: Հենց այս պայմանագրով Թաիլանդին տրամադրվելիք զրահափոխադրիչներն է փոխադրող ընկերությունը դրել կալանքի տակ:

Իսկ Իրաքին զրահափոխադրիչներ տրամադրելու մասին պայմանագիրը Ուկրաինան կնքել է 2009-ին: Պայմանագրով ուկրաինական արդյունաբերողները պարտավորվել էին Իրաքին հանձնել 420 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, ինչպես նաև բազմանպատակային Ան-32 ինքնաթիռներ։ Պայմանագրի ընդհանուր արժեքն էր շուրջ 550 մլն ԱՄՆ դոլար, որից շուրջ 450 մլն ԱՄՆ դոլարը նախատեսված էր զրահափոխադրիչների համար։

Ինքնաթիռների տրամադրումն Ուկրաինան ավարտեց 2012-ին, սակայն խնդիրներ առաջացան զրահափոխադրիչների տրամադրման մասով: Պայմանագրից Իրաքը հրաժարվեց՝ պատճառաբանելով, որ իրաքցի մասնագետները տրամադրվելիք երրորդ խմբաքանակի զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։

Արդյունքում ուկրաինական զրահափոխադրիչներով բեռնված նավը, որ պատկանում էր White Whale Shipping ընկերությանը, «արկածների» մեջ ընկնելուց ու մի շարք, այդ թվում՝ Հնդկաստանում կալանքի խնդիրներ լուծելուց հետո ստիպված էր վերադառնալ Ուկրաինա՝ իր հետ բերելով զրահափոխադրիչները:

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաքում։ Նկարը՝ dumskaya.net-ի

Ուկրաինական ԲՏՌ-4-երը Իրաքում։
Նկարը՝ dumskaya.net-ի

Թեև ուկրաինական կողմը Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները հետագայում հանձնեց ազգային գվարդիային, սակայն այդպես էլ չպարզեց հարաբերությունները զրահափոխադրիչները տեղափոխող ընկերության հետ: Այն ժամանակ նույնպես ուկրաինական պետական գործակալությունները չէին պատասխանում ընկերության ներկայացուցիչների զանգերին:

Նման վարքով, սակայն, ուկրաինական զենք արտահանող ընկերություններ կարող են լուրջ կասկածի տակ դնել ինչպես իրենց, այնպես էլ իրենց երկրի միջազգային հեղինակությունը: Նման զարգացման ծիլերն արդեն կան, մասնավորապես հիշեցնենք, որ վերջերս Ինդոնեզիան հրաժարվեց ուկրաինական արտադրության 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ գնելու ծրագրից, թեև պատճառաբանեց դա Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով:

Ինդոնեզիայի պաշտպանության նախարար Պուրնոմո Յուսգիանտորոն հայտարարել էր, որ ուկրաինական Խարկովի՝ Մորոզովի անվան մեքենաշինության նախագծման բյուրոյի նախագծած ԲՏՌ-4 զրահափոխադրիչները բավարարում էին ինդոնեզական կողմի նվազագույն պահանջները, սակայն Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով ինդոնեզական կողմը չունի որևէ երաշխիք, որ Ուկրաինան 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման մասին կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացնել ըստ պատշաճի:

One response to “Բեռնափոխադրող ընկերությունը չի վերադարձնում Ուկրաինայի զրահափոխադրիչները

  1. Pingback: Թաիլանդի համար նախատեսված զրահափոխադրիչները մնացել են «օդից կախված» | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *