Ինդոնեզիան հրաժարվել է ուկրաինական 50 միավոր զրահափոխադրիչներից

Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով Ինդոնեզիան հրաժարվել է ուկրաինական արտադրության 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ գնելու ծրագրից, ինչի մասին հայտնում է ինդոնեզական politikindonesia.com կայքը:

Ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչը

Ուկրաինական ԲՏՌ-4Ե զրահափոխադրիչը

Ինդոնեզական կողմի նման քայլի մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Պուրնոմո Յուսգիանտորոն: Նախարարի խոսքով՝ ուկրաինական Խարկովի՝ Մորոզովի անվան մեքենաշինության նախագծման բյուրոյի նախագծած ԲՏՌ-4 զրահափոխադրիչները բավարարում էին ինդոնեզական կողմի նվազագույն պահանջները, սակայն Ուկրաինայում ստեղծված անկայուն իրավիճակի պատճառով ինդոնեզական կողմը չունի որևէ երաշխիք, որ Ուկրաինան 50 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչների գնման մասին կնքվելիք պայմանագիրը կարող է իրականացնել ըստ պատշաճի:

Ինդոնեզիայի ԶՈւ ռազմածովային ուժերի համար նախատեսված ԲՏՌ-4 զրահափոխադրիչների փոխարեն ներկայում ինդոնեզական կողմը մտադիր է գնել ռուսաստանյան ԲՄՊ-3Ֆ հետևակի մարտական մեքենաներ, որոնք նախատեսված են հենց ռազմածովային ուժերի համար: Դրանք լողացող են ու ջրում ունեն բարձր մանևրայնություն: Ինդոնեզիան այս մեքենաներից 37 միավոր արդեն գնել էր մինչև Ուկրաինայի հետ բանակցությունները:

Հիշեցնենք, որ 2014-ի հունվարին հայտնի դարձավ, որ Ինդոնեզիայի հայտարարած զրահափոխադրիչների գնման մրցույթի արդյունքների համաձայն՝ Ուկրաինան 2014-ի առաջին երեք ամիսների ընթացքում Ինդոնեզիային պիտի տրամադրեր ԲՏՌ-4 զրահափոխադրիչների 5 միավորանոց փորձնական խմբաքանակ: Եթե փորձնական խմբաքանակը բավարարեր Ինդոնեզիայի ԶՈւ ռազմածովային ուժերի պահանջները, ապա երկու կողմերը կնքելու էին պայմանագիր, որով Ուկրաինան 2015-2019 թվականների ընթացքում Ինդոնեզիային էր տրամադրելու 55 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ:

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։ Ներկայումս 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, իսկ Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրով նախատեսված ևս 42 միավոր զրահափոխադրիչներից Իրաքը վերջերս հրաժարվեց։

Հետագայում ուկրաինական կողմը հայտարարեց, որ Իրաքի վերադարձրած ԲՏՌ-4 զրահափոխադրիչները տրամադրում է Ուկրաինայի նորաստեղծ ազգային գվարդիային՝ նախատեսելով տրամադրելիք զրահափոխադրիչների թիվը հասցնել 100-ի:

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև 110 կմ/ժ արագություն:

One response to “Ինդոնեզիան հրաժարվել է ուկրաինական 50 միավոր զրահափոխադրիչներից

  1. Pingback: «Ուկրօբորոնպրոմը» գոհ է ԲՏՌ-4 զրահափոխադրիչների արդյունքներից | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *