Զաքիր Հասանովի՝ Վրաստան կատարած այցի ամփոփում

Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովը մայիսի 29-ին պաշտոնական այցով մեկնել է Թբիլիսի՝ Վրաստանի իր պաշտոնակից Իրակլի Ալասանիայի հրավերով։ Մայիսի 29-ին նա հանդես է եկել մամուլի ասուլիսով՝ անդրադառնալով հայ-ադրբեջանական շփման գծում լարվածությանը և Արցախյան հիմնախնդրին։

Զաքիր Հասանովի՝ Վրաստան կատարած այցի ամփոփում

Զաքիր Հասանովի՝ Վրաստան կատարած այցի ամփոփում

Ինչպես հաղորդում է ադրբեջանական Ադրբեջանի պաշտպանության նախարարության մամուլի ծառայությունը, մայիսի 29-ին Հասանովի գլխավորած պատվիրակությանն ընդունել է Վրաստանի նախագահ Գեորգի Մագվելաշվիլին։ Հանդիպումից հետո Ադրբեջանի պաշտպանության նախարարն այցելել է Վրաստանի ՊՆ «Կրցանասի» և «Դելտա »ազգային ուսումնական-հետազոտական կենտրոններ։ Բացի այդ, Զաքիր Հասանովը հանդիպել է Վրաստանի Մարնեուլյան ավիացիոն բրիգադի ադրբեջանցի զինծառայողներին։

Նկատենք, որ լուսանկարներից մեկում ներկայացված է Հասանովը՝ վրացական արտադրության անօդաչու թռչող սարք դիտելիս։ Դատելով ԱԹՍ-ի արտաքինից և կառուցվածքից ՝ այն 2012-ին Վրաստանի այն ժամանակվա նախագահ Միխայիլ Սաակաշվիլուն ներկայացրած, վրացական արտադրության առաջին հետախուզական անօդաչուն է, որի փորձարկվել է 2012-ի ապրիլի 10-ին։ Անօդաչուի անունը չի հրապարակվել։

Զաքիր Հասանովը դիտում է վրացական արտադրության ԱԹՍ

Զաքիր Հասանովը դիտում է վրացական արտադրության ԱԹՍ

Նշենք, որ համաձայն Վրաստանի պաշտպանության նախարարության փոխանցած տվյալների՝ Հասանովի և Ալասանիայի հանդիպման ընթացքում Վրաստանի նախարարն ընդգծել է՝ անհրաժեշտ է խորացնել համագործակցությունը եռակողմ Թուրքիա-Ադրբեջան-Վրաստան փոխգործակցության շրջանակներում։

Ադրբեջանի ՊՆ մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այցն ավարտվել է այսօր՝ մայիսի 30-ին։

Հարկ է նշել նաև՝ Հասանովի այցի նախօրեին Վրաստանի Գարդաբանի քաղաքում զանգվածային բախումներ էին արձանագրվել տեղի ադրբեջանցիների և վրացիների միջև՝ որոշ աղբյուրների համաձայն՝ էթնիկական հողի, ըստ մի շարք աղբյուրների էլ՝ քաղաքական դրդապատճառներով։

Նկատենք, որ Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանական գերատեսչությունները դեռևս 2013-ի մարտի սկզբին 2013-ի կտրվածքով երկկողմ համագործակցության համաձայնագիր էին ստորագրել. Վրաստանի կողմից ստորագրել էր Իրակլի Ալասանիան, իսկ Ադրբեջանի կողմից՝ պաշտպանության արդեն իսկ նախկին նախարար Սաֆար Աբիևը: Համաձայնագրի մանրամասները հայտնի չեն:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *