Ուկրաինայի ազգային գվարդիան ստանում է Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները

Ուկրաինական պետական «Ուկրօբորոնպրոմ» ընկերությունը պատրաստվում է Ուկրաինայի ազգային գվարդիան փոխանցել Իրաքի վերադարձրած զրահափոխադրիչները, որոնց ընդհանուր գինը մոտ 34,3 մլն ամերիկյան դոլար է:

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը նախատեսում է փոխհատուցել նշված գումարից 13,7 մլն դոլարը, որպեսզի դրա միջոցով վճարվեն աշխատավարձերը, ինչի մասին հայտնում է ուկրաինական rbc.ua լրատվական կայքը:

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Ուկրաինայի ազգային գվարդիային հանձնված ԲՏՌ-4 զրահափոխադրիչները

Մինչ զրահափոխադրիչներն ընդունելը Ուկրաինայի ազգայի գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակն անձամբ փորձարկել է ԲՏՌ-4 զրահափոխադրիչներից մեկը: Հրամանատարի խոսքով՝ ուկրաինական արտադրության զրահափոխադրիչը բավարարում է ազգային գվարդիայի պահանջներն ու կարող է հզորացնել ուկրաինական զինված ուժերի սպառազինությունը:

Նշենք, որ ազգային գվարդիային զրահատեխնիկա տրամադարվել է նաև նախկինում: 2014-ի մարտին գվարդիան ստացել էր 10 միավոր ԲՏՌ-4 զրահափոխադրիչներ, որոնք արտադրվել են հենց Ուկրաինայում՝ Խարկովի մեքենաշինության նախագծման բյուրոյում։ Հետագայում «Ուկրօբորոնպրոմը» հայտարարել էր, որ նախատեսում է նորաստեղծ ազգային գվարդիային տրամադրել 100 միավոր տարբեր տեսակի զրահատեխնիկա՝ զրահափոխադրիչներ, ինչպես նաև դրանց հիմքի վրա ստեղծված հրամանատարական ու սանիտարական զրահապատ մեքենաներ:

Հիշեցնենք, որ ԲՏՌ-4 զրահափոխադրիչները, որոնք արտադրում է Ուկրաինան, նախատեսված են դեսանտի տեղափոխման, ինչպես նաև դեսանտայիններին կրակով աջակցելու համար։ Զրահափոխադրիչներն արտադրվում են 2008-ից, իսկ սպառազինության վերցվել են 2011-ին։

Ներկայում 88 նման զրահափոխադրիչ առկա է նաև Իրաքի սպառազինության մեջ, սակայն Ուկրաինայի ու Իրաքի միջև կնքված պայմանագրից Իրաքը վերջերս հրաժարվեց՝ կիսատ թողնելով դրա կատարումը։ Իրաքն իր այս քայլը պատճառաբանեց նրանով, որ իրաքցի մասնագետները զրահափոխադրիչների վրա ճաքեր էին հայտնաբերել։

ԲՏՌ-4 զրահափոխադրիչները զինված են 30 մմ ակոսավոր թնդանոթով, 7,62 մմ գնդացրով, ինչպես նաև Բարյեր հակատանկային կառավարվող հրթիռներով ու 30 մմ ԱԳՍ-17 ավտոմատ նռնականետով։ Զրահափոխադրիչի անձնակազմը 3 հոգի է, կարող է տեղափոխել 7 դեսանտային։ Այն լողում է, ունի 500 ձիաուժանոց շարժիչ, որի միջոցով խճուղում զարգացնում է մինչև  110 կմ/ժ արագություն։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *