Ուկրաինայի հարավ-արևելյան Լուգանսկի և Դոնեցկի շրջաններն անկախություն են հռչակել, ինչը Կիևի իշխանությունները չեն ճանաչում և շարունակում են ռազմական գործողություններն այդ տարածքում։
Տեղի ինքնապաշտպանական ուժերն էլ շարունակում են դիմադրել։ Մայիսի 25-ին Ուկրաինայում անցկացվեցին նախագահական ընտրություններ, որին հետևած իրավիճակին առավել օպերատիվ հետևելու համար Ռազմինֆոն առաջարկում է հետևել թարմացվող լրահոսին`
21:10-Ուկրաինայի ազգային գվարդիայի հրամանատար Ստեպան Պոլտորակը հայտնել է, որ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերը հարձակվել են ուժայինների՝ Սլավյանսկ քաղաքի ելքի մոտ տեղակայված անցակետի վրա ու փորձել անցնել այն։ Անցակետի անձնակազմին հաջողվել է կասեցնել գրոհը։ Զոհերի կամ վիրավորների մասին ստույգ տեղեկություն դեռևս չկա։
16։15”Հանգուցալուծվել է իրավիճակը կապված Դոնեցկի շրջանի երեխաներին Ղրիմ տեղափոխող ավտոբուսների հետ։ Ուժայինները թույլատրել են դրանց երթն անցակետով ու այժմ ավտոբուսների շարասյունն ուղևորվում է Ղրիմի մայրաքաղաք Սիմֆերոպոլ։
15։50”Հաճախակի բնույթ են ստացել թալանի դեպքերը, որոնք իրականացվում են Դոնեցկի շրջանում՝ օգտվելով տիրող անվերահսկելի իրավիճակից։ Այս անգամ թալանել են «Մետրո» հիպերմարկետների ցանցի դոնեցկյան մասնաճյուղերից մեկը։ Հիշեցնենք, որ ավելի վաղ Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի հրամանատար Իգոր Ստրելկովը հրամայել էր գնդակահարել վաշտի և դասակի մեկական հրամանատարի, ովքեր լքել էին մարտական դիրքն ու թիկունքում զբաղվել թալանով։
15:25-Ուկրաինական ուժայինները Սլավյանսկ քաղաքի վրա կրկին բացել են ականանետային կրակ, որի հետևանքները նկարահանված են տեսանյությում։
14։50-Ուկրաինայում ԵԱՀԿ-ի ներկայացուցչությունը հայտնել է, որ կորել է կապը պարեկային ևս մեկ խմբի հետ, որում եղել են արտասահմանցի 4 աշխատակից և 1 ուկրաինացի։ Հիշեցնենք, որ ԵԱՀԿ-ի ևս մեկ խմբի հետ կապը կորել է մայիսի 26-ից։ Ենթադրվում է, որ նրանց առևանգել են։
14:30-Դոնեցկի ինքնապաշտպանական ուժերի շտաբը հայտնում է, որ ուկրաինական ուժայինները թույլ չեն տալիս Ղրիմ մեկնող երեխաների ավտոբուսի ելքը Սլավյանսկից։
13։55-Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ ուժային գործողություններն արևելյան շրջաններում շարունակվելու են այնքան ժամանակ, քանի դեռ ամբողջությամբ չի կայունացել իրավիճակը։
13։30-Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ երաշխավորել է, նորակոչիկժամկետային զինծառայողները չեն ներգրավվի երկրի արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողությունում։
13:20-Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ հայտնել է, որ երկրի արևելյան շրջաններում իրականացվող հակաահաբեկչական գործողության ընթացքում զոհվել է զինված ուժերի ավելի քան 20 զինծառայող (թիվը չի ներառում ազգային գվարդիայի կորուստները)։
12։45-Լուգանսկի ինքնահռչակ հանրապետության ղեկավարությունը հերքել է, թե իրենք ունեն որևէ առնչություն ԵԱՀԿ պարեկային խմբի առևանգման հետ։ Հիշեցնանք, որ ԵԱՀԿ-ի՝ Ուկրաինայի արևելյան շրջաններում աշխատող 4 հոգանոց խմբի հետ կապը կորել է մայիսի 26-ից։
12։10-Ուկրաինայի անվտանգության ծառայությունը արգելք է դրել ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա Պռավդա» պարբերականի լրագրող Ալեքսանդր Կոցի՝ Ուկրաինա մուտքի վրա՝ 5 տարի ժամկետով։ Իրադարձությունն ուշագրավ է նրանով, որ փաստորեն Ուկրաինայի հատուկ ծառայություններն աստիճանաբար սկսում են չեզոքացնել այն լրագրողներին, որոնք արևելյան շրջաններում ծավալվող իրադարձությունները լուսաբանաում են հակաուկրաինական խիստ ընդգծված տեսանկյունից։
11:30-Սլավյանսկ քաղաքից երեխաների խմբերին տեղափոխում են Ղրիմի «Արտեկ» ճամբար, որպեսզի նրանք հեռու մնան ռազմական գործողությունների տարածքից: Նախօրեին Ղրիմ է տեղափոխվել երեխաների առաջին խումբը:
Հիշեցնենք, որ ուկրաինական ուժային կառույցներն ուղղաթիռների և զրահամեքենաների աջակցությամբ մայիսի 2-ին գրոհել են Սլավյանսկ քաղաքը՝ սկսելով «հակաահաբեկչական գործողությունը», որը նպատակ ուներ Կիևի վերահսկողության տակ վերցնել վերջին օրերին ռուսամետ ուժերի վերահսկողության տակ անցած Ուկրաինայի արևելյան մի շարք շրջաններն ու բնակավայրերը։ Գործողության ընթացքում Սլավյանսկում ռուսամետ ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է վայր գցել ուկրաինական 3 Մի-24 ուղղաթիռ, վնասել և ոչնչացրել մեկական Մի-8 ուղղաթիռ։ Հետագա օրերին ինքնապաշտպանական ուժերին հաջողվել է ոչնչացնել ուկրաինական կողմին պատկանող զրահատեխնիկա։
Կիևի իշխանություններն այս գրոհից հետո շարունակում են փորձերը՝ վերահսկողություն սահմանելու ինքնապաշտպանական ուժերին անցած տարածքներում՝ Դոնեցկի և Լուգանսկի շրջանների զգալի մասը։
Օդեսայում ռուսամետ և ուկրաինամետ ուժերի միջև բախումների հետևանքով զոհերի թիվն հաշվվում է տասնյակներով։
Մայիսի 11-ին Դոնեցկի և Լուգանսկի շրջաններում անցկացվել է հանրաքվե, որով տեղի բնակիչների ճնշող մեծամասնությունը կողմ է քվեարկել անկախությանը, սակայն Կիև իշխանությունները չեն ճանաչել դա։
Կողմերի միջև ռազմական գործողությունները ներկայում էլ փոփոխակի հաջողությամբ շարունակվում են։
Իրավիճակի և զարգացումների մասին տեղեկությունները բավական իրարամերժ են. ուկրաինական և ռուսաստանյան կողմերի տվյալները զգալի տարբերվում են։