Ուկրաինական 30 միավոր ԲՏՌ-3Ե զրահափոխադրիչներ, որոնք պատրաստվել են Թաիլանդի պատվերով, երկար ժամանակ է չեն ուղարկվում Թաիլանդ ու ոչ էլ հանձնվում են Ուկրաինայի ուժայիններին, թեև դրանց կարիքը կա:Այս մասին հայտնում է ուկրաինական Censor.net.ua կայքը:
Կայքի տվյալներով՝ զրահափոխադրիչները Թաիլանդ չեն ուղարկվում Ուկրաինայի արևելքում մղվող մարտերի պատճառով: Սակայն հիշեցնենք, որ ԲՏՌ-3Ե զրահափոխադրիչները Թաիլանդին մատակարարելու պայմանագրի կատարման ընթացքում ևս մեկ խնդիր առաջացել է 2014-ի մայիսին:
Ծովային փոխադրումներ իրականացնող White Whale Shipping ընկերությունը թաիլանդական նավահանգստում կալանքի տակ է դրել սեփական նավով Թաիլանդ տեղափոխվող 13 միավոր զրահափոխադրիչները և հրաժարվում է դրանք տրամադրել Թաիլանդին կամ հետ վերադարձնել Ուկրաինա:
Պատճառն այն է, որ Ուկրաինան դեռ չի վճարել ինչպես նշված 13 միավոր զրահափոխադրիչների տեղափոխման գումարը, այնպես էլ «իրաքյան» զրահափոխադրիչների տեղափոխման ու հետ վերադարձի ծախսերը:
Երկու պայմանագրերի շրջանակներում փոխադրումներ իրականացնող White Whale Shipping ընկերության ներկայացուցիչ Ալեքսանդր Վարվարենկոյի խոսքով՝ ուկրաինական կողմն իրենց ընկերությանը պարտք է 170 հազար ամերիկյան դոլար նշված 13 զրահափոխադրիչների տեղափոխան համար ու ևս 700 հազար դոլար՝ Իրաքի զրահափոխադրիչները տեղափոխելու, հետագայում էլ՝ վերադարձնելու համար:
Ընկերության ներկայացուցիչը հայտնել է, որ իրենց ընկերությունը զրահափոխադրիչները կալանքի տակ է պահելու այնքան ժամանակ, քանի դեռ պատվիրատու ուկրաինական ընկերությունները չկապվեն իրենց հետ:
Հետևաբար շուրջ 30 զրահափոխադրիչները Թաիլանդ չտեղափոխելու պատճառն ամենայն հավանականությամբ հենց փոխադրող ընկերության հետ կապված խնդիրն է:
Հիշեցնենք, որ Թաիլանդին զրահափոխադրիչներ տրամադրելու մասին պայմանագիրը Ուկրաինան կնքել էր դեռևս 2011-ի օգոստոսին: Պայմանագրով նախատեսված էր, որ ուկրաինական կողմը պատվիրատուին է փոխանցելու 121 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչներ, որի համար ստանալու է շուրջ 140 մլն ամերիկյան դոլար: Մինչ այդ Թաիլանդի զինված ուժերի սպառազինության մեջ առկա էր ևս 102 միավոր ԲՏՌ-3 զրահափոխադրիչ: Հենց այս պայմանագրով Թաիլանդին տրամադրվելիք զրահափոխադրիչներն է փոխադրող ընկերությունը դրել կալանքի տակ:
ԲՏՌ-3 զրահափոխադրիչը նախագծել են խորհրդային ԲՏՌ-80 զրահափոխադրիչների հիման վրա: 16,5 տոննա զանգվածով զրահափոխադրիչը լողացող է: Անձնակազմը 3 մարդ է, տեղափոխվող դեսանտայինների քանակը՝ 6-8 մարդ:
Մեքենան զինված է 30 մմ ակոսավոր ավտոմատ թնդանոթով, ինչպես նաև 7,62 մմ գնդացրով ու 30 մմ ավտոմատ նռնականետով: Մեքենայի վրա տեղադրված են նաև «Բարյեր» հակատանկային կառավարվող հրթիռներ: ԲՏՌ-3 զրահափոխադրիչն ունի մի շարք արդիականացումներ ու առկա է մոտ 10 երկրների սպառազինության մեջ՝ հիմնականում մինչև 10 միավոր քանակությամբ: