Որոշվելու է ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի լավագույն տանկային անձնակազմը

Տանկային բիաթլոնի օկրուգային առաջնության արդյունքում հայտնի են դարձել ՌԴ ԶՈւ հարավային ռազմական օկրուգի լավագույն 12 տանկային անձնակազմերը։ Այս անձնակազմերը միմյանց միջև կվիճարկեն օկրուգի լավագույն տանկային անձնակազմի տիտղոսը, իսկ նրանցից լավագույնը կմասնակցի Ռուսաստանի զինված ուժերի տանկային բիաթլոնի առաջնությանը։

Տանկային անձնակազմերից բացի որոշվել են նաև օկրուգի հետևակի մարտական մեքենաների լավագույն 6 անձնակազմերը, որոնցից լավագույնն իր հերթին կմասնակցի համաբանակային բիաթլոնի հետևակի մարտական մեքենաների առաջնությանը։

Լավագույն անձնակազմերի ընտրության համար մրցումներին մասնակցել են ինչպես ռուսաստանյան զորամասերի անձնակազմերը, այնպես էլ Հայաստանում, Հարավային Օսեթիայում ու Աբխազիայում տեղակայված ու ՀՌՕ-ի մեջ մտնող ռազմաբազաների անձնակազմերը։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

Ռուսաստանի զինված ուժերի 4 ռազմական օկրուգների առաջնության արդյունքում ընտրված լավագույն անձնակազմերը Ռուսաստանը կներկայացնեն 2014-ի միջազգային տանկային բիաթլոնի ժամանակ։

Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ Մասնակից երկրներից Ուկրաինան, Հունաստանը, Չեխիան, Իտալիան ու Չինաստանը հայտարարել են, որ բիաթլոնին կմասնակցեն սեփական տանկերով։

Իսկ ընդհանուր առմամբ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր է ուղարկվել 41 երկրի, որոնցից 15-ը հաստատել են իրենց մասնակցությունը ու հայտնել են, որ կմրցեն ռուսական արտադրության Տ-72Բ տանկերով։

Նշենք, որ 2014-ին Ռուսաստանը միջազգային տանկային բիաթլոնն անցկացնելու է նորագույն Տ-72Բ3Մ տանկերով։ Բացի այդ, հայտնի է, որ 2014-ին միջազգային տանկային բիաթլոնին կմասնակցեն նաև հետևակի մարտական մեքենաներ, որոնց համար ներկայումս կառուցվում են առանձին երթուղիներ։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *