Ռուսաստանյան զինված ուժերը Ղրիմից դուրս են բերում այնտեղ եղած ուկրաինական Տ-64ԲՎ տանկերն ու դրանք փոխարինում ռուսաստանյան Տ-72Բ տանկերով։Ներկայում Ղրիմ են տեղափոխվել 10 միավոր Տ-72Բ տանկեր, որոնց տեղափոխմանը հետևել է Ռուսաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Դմիտրի Բուլգակովը։ Պաշտոնյայի խոսքով՝ առաջիկա ամսվա ընթացքում Ղրիմ են տեղափոխվելու ռուսաստանյան զինված ուժերի ռազմական տեխնիկայի 100-ավոր միավորներ։
Պատճառն այն է, որ Ղրիմում առկա ուկրաինական ռազմական տեխնիկան, ըստ ռուսաստանցի մասնագետների, հնացել է, դրա մի մասը պետք է սպառազինությունից հանվի, մյուս մասը՝ կապիտալ վերանորոգվի։
Ղրիմից դուրս բերվող տանկերը ռուսաստանյան կողմը տրամադրում է Ուկրաինային։ Նախօրեին Ղրիմից Ուկրաինա է ուղարկվել ուկրաինական Տ-64ԲՎ տանկերի 41 միավորանոց մի խմբաքանակ։ Եվս 74 միավոր ռազմական տեխնիկա Ուկրաինա են ուղարկելու առաջիկայում, ինչի մասին հայտնել է Ուկրաինայի պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Վլադիսլավ Սելեզնյովը։
Նշենք, որ ռուսաստանյան «Զենքի համաշխարհային առևտրի վերլուծության կենտրոնի» տվյալներով՝ Ղրիմի սպառազինության մեջ եղել է ընդամենը 40 միավոր տանկ, ինչպես նաև 94 միավոր ԲՄՊ-1/2 հետևակի մարտական մեքենաներ, 130 միավոր ԲՏՌ-60/70/80 զրահափոխադրիչներ ու այլ սպառազինություն։
Հիշեցնենք, որ օրեր առաջ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ուկրաինական կողմին հանձնել Ղրիմի այն զորամասերին պատկանող ռազմական տեխնիկան և սպառազինությունը, որոնք ռուսական կողմին չեն սատարել։