Տանկային բիաթլոնին կարող են մասնակցել նաև հետևակի մարտական մեքենաներ

Մերձմոսկովյան Ալաբինո զորավարժարանը, որտեղ անցկացվում են տանկային բիաթլոնի մրցումները, փոփոխությունների կենթարկվի 2014-ի միջազգային տանկային բիաթլոնի նախօրեին։

 

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը

2013-ին Ռուսաստանում անցկացված միջազգային տանկային բիաթլոնի մասնակից տանկերը. կանաչ տանկով մրցել է Հայաստանի տանկային անձնակազմը

Դրա համար Ռուսաստանը հատկացնում է 30 մլն ԱՄՆ դոլար, որով զորավարժարանում կավելացվեն լրացուցիչ 8 երթուղիներ հետևակի մարտական մեքենաների համար։

Բացի այդ, կկառուցվի 3 երթուղի՝ մեծ, փոքր ու տուգանային շրջաններ կատարելու նպատակով։ Միաժամանակ հանդիսատեսի համար ռուսաստանյան կողմը նախատեսում է կառուցել 5000 տեղանոց տրիբունաներ։ Կկառուցվի նաև մրցանակաբաշխության համար նախատեսված հրապարակ։

Այս մասին հայտնում է ռուսաստանյան Իզվեստիա պարբերականը։

2014 թվականի միջազգային տանկային բիաթլոնի ժամանակ հնարավոր կլինի կրակել նաև ռադիոկառավարվող շարժական թիրախների վրա։ Նախատեսված է պատրաստել լրացուցիչ մարտագծեր ընթացքից կրակելու համար։

Կավելանան նաև երթուղու խոչընդոտները, իսկ հիմնական տանկային երթուղու վրա կավելանա ծանծաղուտ, որի խորությունը կլինի 1,2 մետր, իսկ երկարությունը՝ 25 մետր, ընդ որում՝ ծանծաղուտով կկարողանա անցնել միանգամից 4 տանկ։ Կկառուցվեն նաև 4 հակատանկային խրամ ու 2 էսկարպ (2-3 մետրանոց մեծ թեքություններ)։

Միևնույն ժամանակ Ալաբինոյի զորավարժարանը հետագայում հնարավոր կլինի օգտագործել որպես սովորական զորավարժարան՝ ռուսաստանյան զրահատանկային ստորաբաժանումների համար։

Նախատեսված է, որ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնը կանցկացվի հուլիսի 26-ից օգոստոսի 16-ը։ Մասնակից երկրներից Ուկրաինան, Հունաստանը, Չեխիան, Իտալիան ու Չինաստանը հայտարարել են, որ բիաթլոնին կմասնակցեն սեփական տանկերով։

Իսկ ընդհանուր առմամբ 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու հրավեր  է ուղարկվել 41 երկրի, որոնցից 15-ը հաստատել են իրենց մասնակցությունը ու հայտնել են, որ կմրցեն ռուսական արտադրության Տ-72Բ տանկերով։

Նշենք, որ 2014-ին Ռուսաստանը միջազգային տանկային բիաթլոնն անցկացնելու է նորագույն Տ-72Բ3Մ տանկերով։ Ընդ որում, այս տարի կմասնակցի նաև Հայաստանի լավագույն տանկային անձնակազմը։

Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։

Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։

 

«Թռչող տանկը» հայկական առաջին տանկային բիաթլոնի ժամանակ

Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013 թվականի նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։

Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։

Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *