Ռուսաստանի պաշտպանության նախարարության առաջարկով 2014-ի տանկային բիաթլոնին Ռուսաստանը կներկայացնի խորհրդային/ռուսական Տ-72 տանկի նորագույն արդիականացումը՝ Տ-72Բ3Մ տանկը։ Նորագույն տանկի մարտավարատեխնիկական տվյալները, սակայն, դեռ չեն հաղորդվում։

2013-ի միջազգային տանկային բիաթլոնը, որին կանաչ ներկված տանկով մասնակցում էր հայկական լավագույն տանկային անձնակազմը
Ըստ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայության՝ մինչև հիմա 2014-ի միջազգային տանկային բիաթլոնին մասնակցելու համար 22 պետություն է ցանկություն հայտնել։ Մինչ այդ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում էր, որ բիաթլոնով հետաքրքրվել է ավելի քան 40 պետություն, որոնց թվում նաև ՆԱՏՕ-ի ներկայացուցիչներ։
Նշենք, որ տանկային բիաթլոնին այս տարի կմասնակցի նաև Հայաստանի լավագույն տանկային անձնակազմը։
Հիշեցնենք, որ տանկային բիաթլոնի միջազգային առաջին մրցույթը անցկացվել է 2013-ին ռուսաստանյան Ալաբինո զորավարժարանում։ Ընդ որում՝ անցյալ տարի ՀՀ ԶՈւ տանկային անձնակազմը նույնպես մասնակցել է Ռուսաստանում անցկացված տանկային բիաթլոնի միջազգային մրցումներին։
Հավելենք, որ 2014-ի տանկային բիաթլոնի միջազգային մրցումներ անցկացնելու որոշումը ՌԴ ԶՈւ հրամանատարությունը հաստատել է 2013-ի սեպտեմբերին։ Այս տարի ևս հայկական զինված ուժերի լավագույն տանկային անձնակազմը կմասնակցի մրցույթին։
Ավելացնենք, որ տանկային բիաթլոն անցկացվել է նաև Հայաստանում։ 2013թ. նոյեմբերին հայկական առաջին տանկային բիաթլոնը կազմակերպվել է Արցախի պաշտպանության բանակում՝ ՊԲ խոշոր զորավարժության շրջանակներում։
Օլիմպիական բիաթլոն մարզաձևի նմանությամբ տանկային երկամարտը (բիաթլոնը) կազմված է երկու մասից։ Առաջին մասը ենթադրում է երեք երթային շրջանների կատարում, որի ընթացքում տանկերը հաղթահարում են նաև տարբեր արգելքներ, որոնց թվում՝ խրամ, էսկարպ, կամուրջ և այլն։
Մյուս մասը մարտական կրակն է՝ տանկի բոլոր կրակային միջոցներով, ընդ որում թնդանոթից կրակում են և´ ընթացքից, և´ կանգնած վիճակից։ Կրակի ժամանակ վրիպելու դեպքում տանկերը կատարում են լրացուցիչ տուգանային շրջաններ։
Pingback: Ռուսաստանում ներկայացրել են Տ-72 տանկի նորագույն արդիականացումը | Ռազմ.info