Իրադրությունը Ղրիմում. մարտի 20. թարմացվող լրահոս

«Մայդանից» հետո, երբ Ուկրաինայում փաստացի փոխվեց իշխանությունը, ուշադրությունը վերջին շրջանում Ղրիմի վրա է, որտեղ տեղի ռուսալեզու բնակչությունը չի ընդունում Կիևում վերջերս հաստատված նոր իշխանությանը և հանրաքվե է անցկացրել՝ Ռուսաստանի կազմում ընդգրկվելու համար։

Ներկայում Ղրիմում իրավիճակը վերահսկում են Ռուսաստանի զինված ուժերի ստորաբաժանումները, թեև պաշտոնապես Մոսկվան չի ընդունում դա, իսկ Ուկրաինան փորձում է իր բանակը մարտական պատրաստության բերել։

Մարտի 16-ին Ղրիմում հանրաքվե անցկացվեց, որի մասնակիցների 96 տոկոսը կողմ քվեարկեցին Ռուսաստանին միանալուն։ Մարտի 18-ին էլ պայմանագիր ստորագրվեց, որով Ղրիմը մտնելու է Ռուսաստանի կազմի մեջ։ Այս ամենի արդյունքում ստեղծված իրավիճակին հետևելու համար կարող եք հետևել Ռազմինֆոյի թարմացվող լրահոսին։

18։18 ” Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում Ռուսաստանի հետ կնքած Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավեր տրամադրելու պայմանագիրը խզելու դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի տուգանք վճարել ռուսական կողմին։

Ֆրանսիան Ռուսաստանին պիտի վերադարձնի ինչպես մինչ այս ռուսական կողմի վճարած գումարը, այնպես էլ նույն պայմանագրով նախատեսված տուգանքը, որը պիտի վճարի պայմանագրից հրաժարվող կողմը։ Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալություն աղբյուրը նշում է, որ ռուսաստանյան կողմի վճարած գումարն ու տուգանքի գումարը միասին կկազմեն մոտ 1,66 միլիարդ ամերիկյան դոլար։

Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ Միստրալ տիպի առաջին ուղղաթիռակիր նավը ֆրանսիական կողմը նախատեսում է Ռուսաստանին հանձնել հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի խզումը կամ սառեցումը ֆրանսիական կողմը հավանաբար կքննարկի հոկտեմբերին։

***

16։10-Ուկրաինայի ռազմածովային ուժերի (ՌԾՈւ) դրոշի փոխարեն առավոտյան բարձրացրել են Ռուսաստանի ռազմածովային ուժերի անդրեևյան դրոշը։ Ենթադրվում է, որ այս նավերը կարող են մտնել ՌԴ ՌԾՈւ սևծովյան նավատորմի կազմի մեջ։ Ներկայում Ղրիմում է Ուկրաինայի ամբողջ նավատորմի 40 նավերից 20-ը։ Ղրիմի հանրաքվեից հետո այդ 20 նավերը կարող են մտնել նախ Ղրիմի՝ որպես անկախ պետության զինված ուժերի, այնուհետ՝ Ռուսաստանի սևծովյան նավատորմի կազմի մեջ։

***

16։00-ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ուկրաինացի զինծառայողների դիպլոմներն ուժի մեջ են լինելու նաև ՌԴ-ի տարածքում։ Նման նախաձեռնությամբ ՌԴ նախագահին էր դիմել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

***

15։00-Ուկրաինայի ռազմածովային ուժերի հրամանատար Սերգեյ Գայդուկի ձերբակալության մասին մարտի 19-ին լուրեր էին տարածվել։ Մարտի 20-ին արդեն հայտնի է դարձել, որ նրան ազատ են արձակել։

***

10։00 ” Մարտի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ, անդրադարձել Ղրիմում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ  Միստրալ տիպի առաջին ուղղաթիռակիր նավը ֆրանսիական կողմը նախատեսում է Ռուսաստանին հանձնել հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի խզումը ֆրանսիական կողմը հավանաբար կքննարկի հոկտեմբերին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *