Թուրքիան Ֆրանսիայում մասնակցում է հակահրթիռային միջազգային վարժանքների

Թուրքիան մասնակցում է եվրոպական մի շարք պետությունների մասնակցությամբ անցկացվող EMBOW-XIV հակահրթիռային էլեկտրոնային պայքարի վարժանքներին։

Ֆրանսիայում անցկացվող վարժանքներին մասնակցում են նաև Գերմանիայի, Բելգիայի, Չեխիայի, Նիդեռլանդների, Իսպանիայի, Շվեյցարիայի, Շվեդիայի, Նորվեգիայի զինծառայողները։

Վարժանքները, որոնք մեկնարկել են մարտի 18-ին, շարունակվելու են մինչ մարտի 27-ը։

Վարժանքների ժամանակ հիմնական շեշտը դրվում է դյուրակիր «մակերևույթ-օդ» հրթիռային համակարգերի դեմ պայքարի վրա։

Նշենք, որ արևմտյան պետությունները լուրջ ուշադրություն են դարձնում դյուրակիր զենիթահրթիռային համալիրների վրա, որոնք դիտվում են որպես մեծ վտանգ՝ հաշվի առնելով դրանց տարածվածությունը և դյուրակիր լինելու փաստը։ Այս համակարգերը տարբեր խմբավորումների ձեռքում կարող են լուրջ վտանգ ներկայացնել ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքացիական ավիացիայի համար։

Հայտնի է, որ Լիբիայում անկարգությունների ժամանակ զինապահեստներից անհետացել էին մեծ քանակությամբ դյուրակիր զենիթահրթիռային համալիրներ, որոնք անցել էին իսլամիստ խմբավորումների ձեռքը։

Ուկրաինական ճգնաժամի ժամանակ նույնպես տեղեկություններ տարածվեցին, թե ուկրաինական զինուժի պահեստներից դյուրակիր ԶՀՀ-ներ են անհետացել։