Թուրքիայում հարձակվել են զինծառայողների և ոստիկանների վրա. կան զոհեր

Թուրքիայի Նիղդե նահանգի Ուլուքըշլա շրջանում անհայտ անձինք կրակ են բացել ավտոճանապարհի հսկողություն իրականացնող թուրք ոստիկանների և զինծառայողների վրա։

Մարտի 20-ի ցերեկային ժամերին ստուգման ժամանակ ոստիկանների կանգնեցրած միկրոավտոբուսից մի քանի մարդ է իջել, ովքեր ինքնաձիգերով կրակ են բացել ոստիկանների և ժանդարմների վրա։

Կրակահերթերի հետևանքով Թուրքիայի ԶՈւ ժանդարմերիայի 2 զինծառայող և ոստիկանության 1 աշխատակից է սպանվել, ևս 4 զինծառայող վիրավորվել է, տեղեկացնում է թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալությունը։

CNNTurk հեռուստաալիքը, հղում կատարելով Թուրքիայի ներքին գործերի նախարարության հայտարարությանը, նշում է 1 ոստիկանի, 1 ժանդարմի և հարձակում գործած անձանցից մեկի մահվան մասին։

«Անադոլուի» տվյալներով՝ հարձակումից հետո զինված անձինք իրենց ավտոմեքենայով փախուստի են դիմել։ Թուրք իրավապահների հատուկ գործողության արդյունքում հարձակում գործած 3 անձանցից 2-ը ձերբակալվել են, մյուսին հայտնաբերելու աշխատանքները
շարունակվում են։

Ականատեսների վկայությամբ՝ հարձակում գործած անձինք նաև նռնակ են նետել ժանդարմների ուղղությամբ։

Թե ովքեր են հարձակում գործած անձինք, դեռ չի նշվում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *