[թարմացում] ՌԴ զինուժում ծառայել ցանկացող ուկրաինացի զինծառայողները կպահպանեն կոչումները

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը մարտի 20-ին հրամանագիր է ստորագրել, որի համաձայն՝ ուկրաինացի զինծառայողների դիպլոմներն ուժի մեջ են լինելու նաև ՌԴ-ի տարածքում։ Նման նախաձեռնությամբ ՌԴ նախագահին էր դիմել պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն։

Համաձայն ՌԴ նախագահի պաշտոնական կայքի՝ Շոյգուն մանրամասնել է. «Խոսքն այն զինծառայողների զինվորական կոչումների և ռազմական կրթության աստիճանի ճանաչման մասին է, որոնք ներկա դրությամբ ծառայություն են անցնում Ուկրաինայի զինված ուժերում, բայց ցանկություն ունեն ծառայել ՌԴ զինուժում, ինչպես և այլ ուժային կառույցներում՝ ՆԳՆ-ում, ԱԴԾ-ում»։

Շոյգուն նաև ընդգծել է՝ ուկրաինացի «բազմաթիվ զինծառայողներ արդեն ցանկություն են հայտնել ծառայել ՌԴ ԶՈւ-ում», իսկ նոր հրամանագիրը թույլ կտա ուկրաինացիներին պայմանագրով վերցնել զինծառայության, մինչև որ բոլոր պաշտոնական հարցերը լուծում ստանան, այդ թվում՝ քաղաքացիություն ստանալու հարցը։

Հիշեցնենք, որ մարտի 16-ին Ղրիմի հանրաքվեի քվեարկողների 96.6 տոկոսը կողմ էր արտահայտվել ՌԴ-ի կազմում ընդգրկվելուն, 3.4 տոկոսը՝ դեմ։ Ընդ որում, քվեարկությանը, համաձայն Ղրիմի իշխանություննների հաղորդած տվյալների, մասնակցել էր թերակղզու բնակչության 82.71 տոկոսը, քվեարկողները պատասխանել էին՝ կողմ են, որ «Ղրիմը վերամիավորվի Ռուսաստանի հետ՝ ՌԴ-ի սուբյեկտի իրավունքով», թե կողմ են, որ «վերականգնվի Ղրիմի Հանրապետության 1992 թվականի Սահմանադրությունն ու Ղրիմը լինի Ուկրաինայի կազմում»։

Մարտի 18-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Ղրիմի կառավարության ղեկավար Սերգեյ Ակսենովը, Ղրիմի խորհրդարանի խոսնակ Վլադիմիր Կոնստանտինովը և Սևաստոպոլի ղեկավար Ալեքսեյ Չալիյը պայմանագիր էին ստորագրել, որը ենթադրում է՝ Ղրիմը և Սևաստոպոլն ընդգրկվում են Ռուսաստանի Դաշնության կազմում։

[թարմացում]-Սևաստոպոլում ավելի քան 3.5 հազար ուկրաինացի զինծառայողներ Սևաստոպոլում արդեն գրանցվել են ժամանակավոր հաշվառման կետերում՝ ՌԴ զինուժում ծառայությունը շարունակելու համար։ Այս մասին հաղորդում է ռուսաստանյան «ԻՏԱՐ ՏԱՍՍ» լրատվական գործակալությունը՝ հղում տալով Սևաստոպոլի Ազգային պաշտպանության հանձնաժողովի նախագահի տեղակալ Սերգեյ Տուտուևի խոսքերին։ Նա հավաստիացրել է, որ հաշվառման կետերին դիմող անձինք ազատ են ընտրելու՝ հեռանալ դեպի Ուկրաինա կամ էլ զինվորագրվել ՌԴ զինուժին։ Տուտուևը նաև հավելել է՝ օրեկան հաշվառում է անցնում 100 ուկրաինացի զինծառայող, նրանցից մոտ 80 տոկոսը գրանցվել է ռուսաստանյան զինված ուժերում ծառայությունը շարունակելու համար։