Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ

Մարտի 19-ին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: Նախագահները մտքեր են փոխանակել ուկրաինական ճգնաժամի և դրանից դուրս գալու ուղիների վերաբերյալ, անդրադարձել Ղրիմում հանրաքվեից հետո ստեղծված իրավիճակին և արձանագրել, որ այն հանդիսանում է «ազատ կամարտահայտման միջոցով ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացման հերթական օրինակը»:

Սերժ Սարգսյան Վլադիմիր Պուտին 4

Սերժ Սարգսյանն ու Վլադիմիր Պուտինը Հայաստանում տեղակայված 102-րդ ռուսական ռազմաբազայում

Այս մասին տեղեկացնում է ՀՀ նախագահի պաշտոնական կայքը:

Պետությունների ղեկավարները նաև քննարկել են ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման գործընթացը և այդ ուղղությամբ ձեռնարկվող քայլերը: Հայաստանի նախագահը բարձր է գնահատել Ռուսաստանի գործունեությունը՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր և ընդգծել համանախագահների համատեղ ջանքերի կարևորությունը՝ միտված հակամարտության խաղաղ կարգավորմանը:

Սերժ Սարգսյանը վերահաստատել է Հայաստանի պատրաստակամությունը շարունակելու հակամարտության կարգավորման ուղղությամբ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հետ համատեղ աշխատանքը:
Կողմերը խոսել են նաև Հայաստանի՝ Մաքսային միությանը միանալու որոշումից հետո այդ ուղղությամբ իրականացվող աշխատանքների ընթացքի մասին:
Հեռախոսազրույցը կայացել է հայկական կողմի նախաձեռնությամբ:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *