Միստրալները չտրամադրելու դեպքում Ֆրանսիան 1,66 մլրդ դոլար կարող է վճարել Ռուսաստանին

Ռուսաստանի դեմ կիրառվող պատժամիջոցների շրջանակներում Ռուսաստանի հետ կնքած Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավեր տրամադրելու պայմանագիրը խզելու դեպքում Ֆրանսիան ստիպված կլինի տուգանք վճարել ռուսական կողմին։

Ֆրանսիան Ռուսաստանին պիտի վերադարձնի ինչպես մինչ այս ռուսական կողմի վճարած գումարը, այնպես էլ նույն պայմանագրով նախատեսված տուգանքը, որը պիտի վճարի պայմանագրից հրաժարվող կողմը։ Այս մասին ռուսաստանյան լրատվամիջոցներին հայտնել է ՌԴ պաշտպանության նախարարի տեղակալ Յուրի Բորիսովը։ Բորիսովը չի հստակեցրել, թե որքան գումար կարող է դա կազմել, քանի որ, ըստ պաշտոնյայի, պատժամիջոցների կիրառումը դեռ հաստատ չէ։

Ռուսաստանյան ԻՏԱՌ-ՏԱՍՍ գործակալություն աղբյուրը, սակայն, նշում է, որ ռուսաստանյան կողմի վճարած գումարն ու տուգանքի գումարը միասին կկազմեն մոտ 1,66 միլիարդ ամերիկյան դոլար։

Վլադիվոստոկ ուղղաթիռակիր նավը

Պատժամիջոցներ կիրառելու մասին տեղեկությունները մեկնաբանելով՝ Ռուսաաստանի փոխվարչապետ Դմիտրի Ռոգոզինը հայտարարել է, որ ֆրանսիական կողմը պարտավոր է կա´մ ժամանակին տրամադրել ուղղաթիռակիր նավերը, կա´մ վերադարձնել գումարը։

Հիշեցնենք, որ Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Լորան Ֆաբիուսը վերջերս հայտարարել էր, որ ֆրանսիական կողմը կարող է չեղյալ հայտարարել Ռուսաստանի հետ 2013-ին կնքված պայմանագիրը, որով նախատեսված է, որ Ֆրանսիան երկու Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավ պիտի տրամադրի ռուսաստանյան կողմին։ Սակայն ըստ նախարարի՝ գործարքի չեղյալ հայտարարումը կարող է խնդիրներ առաջացնել նաև Ֆրանսիայի համար։

Հետագայում Ֆաբիուսը հայտարարել է, որ Ֆրանսիան կարող է ոչ թե խզել պայմանագիրը, այլ ժամանակավորապես սառեցնել այն։ Իսկ Ֆրանսիայի պաշտպանության նախարարն իր հերթին հայտնել է, որ  Միստրալ տիպի առաջին ուղղաթիռակիր նավը ֆրանսիական կողմը նախատեսում է Ռուսաստանին հանձնել հոկտեմբերին, հետևաբար պայմանագրի խզումը ֆրանսիական կողմը հավանաբար կքննարկի հոկտեմբերին։

Նշենք, որ Ռուսաստանի ու Ուկրաինայի մի շարք պաշտոնատար անձանց նկատմամբ Եվրամիության պետությունների արտգործնախարարների խորհուրդը արդեն կիրառել է պատժամիջոցներ։ Մասնավորապես ԵՄ-ի «սև ցուցակում» ներառվել են Ղրիմը Ռուսաստանին միացնելու համար անցկացված հանրաքվեին կողմ արտահայտված մի շարք պաշտոնայներ։ Նրանց արգելվում է մուտքը ԵՄ երկրներ, սառեցվում են այդ երկրներում այս անձանց ունեցած բանկային հաշիվները։ Պատժամիջոցները մտցվել են մարտի 17-ին ու կտևեն մինչև 2014-ի սեպտեմբերի 17-ը։

Մինչ այս՝ մարտի 7-ին, Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հայտարարել էր, որ Ռուսաստանին տրամադրվելիք երկու Միստրալ ուղղաթիռակիրների պայմանավորվարծությունն ուժի մեջ է։

Հիշեցնենք, որ Միստրալ ուղղաթիռակիր նավերի գնման պայմանագիրը Ռուսաստանն ու Ֆրանսիան կնքել են 2011-ին։ 1,624 մլրդ ԱՄՆ դոլար արժողությամբ պայմանագրի համաձայն՝ Ֆրանսիան երկու ուղղաթիռակիր նավ պիտի կառուցեր ու տրամադրեր Ռուսաստանին։ Ընդ որում՝ նավերը Ֆրանսիան պարտավորվել է տրամադրել առանց սպառազինության, քանի որ, ըստ պայմանագրի, սպառազինությունը պիտի արտադրի ու տեղադրի Ռուսաստանը։ Առաջին նավը Ֆրանսիան Ռուսաստանին հանձնելու է 2014-ի վերջին, երկրորդը՝ 2015-ին։ Նավերից առաջինը, որ ստացել է «Վլադիվոստոկ» անվանումը, ներկայումփորձարկումների փուլում է։ Երկու նավերը ստանալուց հետո Ռուսաստանը կարող է ևս երկու ուղղաթիռակիր նավեր գնելու պայմանագիր առաջարկել Ֆրանսիային։

Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավերը նախատեսված են միանգամից մի քանի խնդիր կատարելու համար։ Դրանք կարող են միաժամանակ տախտակամածի վրա ընդունել ուղղաթիռներ, դեսանտ իջեցնել, կիրառվել որպես զորքերի կառավարման կենտրոն, ինչպես նաև օգտագործվել որպես շարժական հոսպիտալ։ Նավի առավելագույն արագությունը 33 կմ/ժ է, նավարկության առավելագույն հեռավորությունը շուրջ 37 հազար կիլոմետր (համեմատելու համար՝ Երկրի հասարակածի երկարությունը մոտ 40 հազար կիլոմետր է)։ Նավի անձնակազմը 170 մարդ է։ Այն կարող է տեղափոխել մինչև 16 ուղղաթիռ ու 40 տանկ։ Միստրալ տիպի ուղղաթիռակիր նավի գինը մոտավոր 620 մլն ամերիկյան դոլար է։


2 responses to “Միստրալները չտրամադրելու դեպքում Ֆրանսիան 1,66 մլրդ դոլար կարող է վճարել Ռուսաստանին

  1. Pingback: Ֆրանսիան մտադիր է ավարտին հասցնել Ռուսաստանին ռազմանավեր վաճառելու գործարքը. Օլանդ | Ռազմ.info

  2. Pingback: Երևանում Պուտինը և Օլանդը քննարկել են «Միստրալների» խնդիրը | Ռազմ.info

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *