Հայկական զինուժի կորուստները 2014-ի փետրվարին: Զորամասում զինծառայող է վիրավորվել: Մամիկոն Խոջոյանին հանձնել են հայկական կողմին: ՄԱԿ-ը երրորդ երկիր է փնտրում Հակոբ Ինջիղուլյանի համար:
-Հայկական զինված ուժերը (ներառյալ Պաշտպանության բանակը) 2014 թվականի փետրվարի 1-ից 28-ն ունեցել է 1 զոհ: Նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ զոհերի թիվը նվազել է 2-ով։
-ՀՀ պաշտպանության նախարարության Արմավիրի մարզում տեղակայված զորամասերից մեկում ժամկետային զինծառայողը զենքը մաքրելիս պատահմամբ վնասել է ինքն իրեն։ Ժամկետային զինծառայող Գոռ Հ.-ին տեղափոխել են հոսպիտալ, վիճակը նորմալ է։ Նա ստացել է ձախ ազդրի ու սրունքի փափուկ հյուսվածքների միջանցիկ վիրավորում:
-Մարտի 4-ին Ադրբեջանի տարածքում պահվող 77-ամյա Մամիկոն Խոջոյանը հանձնվել է հայկական կողմին: Նա հայաստանյան իշխանությունների խնամքին է հանձնվել ադրբեջանական Ղազախի շրջանի և հայկական Իջևանի միջև անցնող ճանապարհին՝ սահմանի վրա։ Նշենք, որ Մամիկոն Խոջոյանի մարմնի վրա խոշտանգումների հետքեր կան:
-Ադրբեջանում պահվող հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ կապված գործողություններն անցել են ՄԱԿ-ի լիազորությունների տիրույթ։ Հիմա ՄԱԿ-ը փորձում է գտնել այնպիսի երկիր, որը կհամաձայնի ընդունել Հակոբին։ Ինչպես փորձը ցույց է տալիս նման գործընթացները դանդաղ են գնում, նույնիսկ կարող է մինչև մեկ տարի ձգձգվել: Այս մասին Ռազմինֆոյին ասել է Լարիսա Ալավերդյանը:
-Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը մարտի 2-ին այցելել է Երևանի կայազորային կլինիկական հոսպիտալ, որտեղ ծանոթացել է առկա խնդիրներին: Օհանյանը շրջել է հոսպիտալի բաժանմունքներում, զրուցել բուժվող զինծառայողների և հոսպիտալի բուժանձնակազմի հետ:
-ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն։ Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում: Ծրագիրը մեկնարկել է 2014-ի մարտի 1-ին և կիրականացվի մինչև 2014-ի նոյեմբերը։
-Մարտի 5-ի առավոտյան ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանն անակնկալ այցելել է զինված ուժերի զորամասերից մեկը: Զորամասում նախարարը ստուգել է զորամասի մարտունակությունը, զինտեխնիկայի վիճակը, հատկապես նորոգվող և կատարելագործվող զինտեխնիկան։ Սեյրան Օհանյանը ծանոթացել է զորամասում իրականացվող լայնածավալ շինարարական աշխատանքներին, տվել համապատասխան հանձնարարականներ:
-Մարտի 5-ին Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտում նշվել է Սպարապետի ծննդյան 55-ամյակը: Ռազմինֆոյի ռեպորտաժին կարող եք ծանոթանալ այստեղ: