Զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն ԵԱՀԿ երևանյան գրասենյակից

ԵԱՀԿ երևանյան գրասենյակը տրամադրում է զինծառայության մասին իրավաբանական խորհրդատվություն։ Ծրագիրն իրականացվում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի և ՀՀ պաշտպանության նախարարության 2014թ.-ի համագործակցության պլանի շրջանակներում:

Զորակոչի ընթացակարգի և զինվորական ծառայության առանձնահատկությունների վերաբերյալ անվճար մասնագիտական իրավաբանական խորհրդատվությունը տրամադրվում է Հայաստանի քաղաքացիներին:

Ինչպես հայտնում է ԵԱՀԿ երևանյան գրասենյակի մամուլի ծառայությունը, ծրագիրը մեկնարկել է 2014-ի մարտի 1-ին և կիրականացվի մինչև 2014-ի նոյեմբերը։

Այն միտված է զինվորական ծառայության յուրաքանչյուր փուլի իրավական ասպեկտների շուրջ իրազեկվածության բարձրացմանը՝ տրամադրելով ապագա և ներկա զինծառայողներին ու նրանց ծնողներին ամբողջական իրավաբանական խորհրդատվություն զորակոչի, զինծառայության և հետզորակոչային հարցերի վերաբերյալ:

Իրավաբանական խորհրդատվությունը կտրամադրվի Միջազգային և համեմատական իրավունքի կենտրոնում՝ Մոսկովյան 37-14 հասցեում։ Բոլոր նրանք, ովքեր հետաքրքրված են, նախապես պետք է զանգահարեն 010 58 38 04 հեռախոսահամարով՝ հանդիպում նշանակելու համար: Աշխատանքային ժամերն են՝ երկուշաբթիից ուրբաթ, ժամը 10.00-ից մինչև 17.00-ը:

Հիշեցնենք, որ դեռևս 2013-ի հունիսին Ռազմինֆոն զրուցել էր ՊՆ-ն  Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի տնօրեն, իրավաբան Սիմոնյանի հետ։ Նա մանրամասնել էր՝ ՊՆ-ն  Միջազգային և համեմատական իրավունքի հայկական կենտրոնի հետ համատեղ զորակոչային տարիքի երիտասարդներին և նրանց ծնողներին տրամադրում է անվճար իրավաբանական խորհրդատվություն։ Այն  ֆինանսավորում է ԵԱՀԿ-ն։

Այն հարցին, թե որ խնդիրներով են ամենից հաճախ դիմում կենտրոն, մասնագետը նշել էր, որ միջանկյալ պատկերով հիմնականում երկքաղաքացիության հետ կապված խնդիրներն են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *