Ճապոնիայի զինված ուժերում կստեղծվի ծովային հետևակ

Ճապոնիայի պաշտպանության նախարար Իցունորի Օնոդերան հաստատել է վերջերս շրջանառվող տեղեկությունն այն մասին, որ ճապոնական բանակի կազմում ստեղծվելու է նոր զորատեսակ՝ ծովային հետևակ։ Որպես նախատիպ ծառայելու է ԱՄՆ բանակի ծովային հետևակը։ Այս մասին գրում է ամերիկյան The Wall Street Journalպարբերականը։

Ճապոնիայի զինված ուժերի զինծառայողներ

Նախարար Օնոդերան հայտնել է նաև որոշ մանրամասներ՝ կապված ծովային հետևակի սպառազինության և թվաքանակի մասին։ Ըստ այդմ, զորատեսակի սպառազինության կազմը համալրելու են դեսանտային նավեր, V-22 կոնվերտոպլաններ իսկ անձնակազմի թվաքանակը սկզբնական շրջանում լինելու է 3 000 մարդ։ Զորքերը տեղակայվելու են Ճապոնիայի հարավային կղզիների երկու ռազմակայաններում։

Նշենք, որ նման զորատեսակ ստեղծելու մտադրություն Ճապոնիան ուներ դեռ վաղուց և ԱՄՆ-ից համապատասխան փորձը փոխառելու նպատակով անցկացվել են համատեղ բազմաթիվ զորավարժություններ, ինչպես Ճապոնիայում, այնպես էլ ԱՄՆ-ի զորավարժարաններում։

Ինչ վերաբերում է Ճապոնիայի զինված ուժերի կազմում ծովային հետևակ ստեղծելու անհրաժեշտությանը, ապա նշենք, որ նախարարը հայտարարել է՝ Ճապոնիան ունի բազմաթիվ մանր կղզիներ, որոնց անվտանգության ապահովման համար անհրաժեշտ են մոբիլ զորքեր։ Հենց այդ խնդիրն էլ պետք է լուծվի զինված ուժերի կազմում ծովային հետևակի կազմավորմամբ։ Թեպետ իր խոսքում պաշտպանության նախարարը որևէ պետություն չի նշել, սակայն ակնհայտ է, որ անուղղակիորեն ակնարկ է արվում Չինաստանը, որի հետ Ճապոնիան ունի բավական լարված հարաբերություններ։

Հավելենք, որ Չինաստանի արտգործնախարարությունն այս կապացությամբ արդեն տվել է մեկնաբանություն և նշել, որ Ճապոնիայի ձեռնարկած քայլերը բացասաբար են անդրադառնում տարածաշրջանում խաղաղության և կայունության ամրապնդման վրա։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *