Ռազմաշաբաթ. Վրաստան. հունվարի 6-11

Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետն Աֆղանստանում է. վրացի խաղաղապահների պարգևատրում, հանդիպումներ ISAF-ի հրամանատարության հետ։ Վրացի խաղաղապահների վերադարձ հայրենիք։ Երկրորդ բրիգադում իրականացված նորոգման աշխատանքների ավարտ։ Առողջարարական կենտրոնի բացում։ Թուրքիայի բարձրաստիճան զինվորականների ժամանումը Վրաստան։ Վարչապետի հանդիպում ԶՈւ հրամանատարության հետ։

” Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը Սուրբ Ծնունդը դիմավորել է Աֆղանստանի Հիլմենդ գավառում ծառայող վրաստանցի զինծառայողների հետ։ ԶՈւ գլխավոր շտաբի պետին ուղեկցում էին պաշտպանության նախարարի տեղակալը, ԳՇ պետի տեղակալը և առաջին բրիգադի հրամանատարը։ Բարձրաստիճան զինվորականները մասնակցել են տոնական միջոցառմանը, որից հետո պարգևատրել են զինծառայողներին գերատեսչական մեդալներով։

Աֆղանստան կատարած այցի ընթացքում Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետը հանդիպել է ISAF առաքելության հրամանատարությանը։ Աֆղանստանի Հիլմենդ գավառում Վրաստանի ԶՈւ ԳՇ պետ գեներալ-մայոր Կապանաձեն հանդիպել է «հարավ-արևմուտք շրջանի հրամանատարության» հրամանատար գեներալ-մայոր Վոլտեր Միլլերին և «Բելավուդ» մարտավարական խմբավորման հրամանատար գնդապետ Դենիել Սալիվանին։

Վրաստանի ԳՇ պետի հանդիպումը ISAF-ի հրամանատարության հետ

Վրաստանի ԳՇ պետի հանդիպումը ISAF-ի հրամանատարության հետ

Հունվարի 8-ին Աֆղանստանից վերադարձել է 155 զինծառայողից կազմված բաթումյան առանձին թեթև հետևակային գումարտակը։ Վերադարձած զինծառայողներին դիմավորել են պաշտպանության նախարարի տեղակալն ու զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալը։

-Վրաստանի զինված ուժերի հետևակային երկրորդ բրիգադում իրականացված վերանորոգման աշխատանքներին ծանոթանալու նպատակով հունվարի 9-ին Սենակի ռազմաբազա է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Հիմնովին վերանորոգվել է բազայի շտաբը և թվով 11 զորանոց։ Նորոգվել են նաև ջեռուցման և օդափոխության համակարգերը։

-Ցերովանիում՝ Վրաստանի նախագահի նախկին նստավայրի տարածքում, որը փոխանցվել է պաշտպանության նախարարությանը, բացվել է առողջարարական կենտրոն՝ զինծառայողների և նրանց ընտանիքների համար։ Հունվարի 9-ին նորաբաց առողջարան է այցելել պաշտպանության նախարար Ալասանիան, ով անձամբ է ծանոթացել համալիրի ենթակառուցվածքներին և կենցաղային պայմաններին։

-Վրաստանի ԶՈւ ԳՇ պետն Աֆղանստան կատարած այցի ընթացքում հանդիպել է իր աֆղան գործընկերոջ հետ։ Կողմերը քննարկել են անվտանգության ոլորտում երկկողմ համագործակցության հարցեր։ Մասնավորապես, քննարկվել է Աֆղանստանում առաքելության ավարտից հետո աֆղանական զինվորականների՝ Վրաստանի ռազմական ուսումնական հաստատություններում վերապատրաստման հարցը։

-Պաշտոնական այցով Վրաստան են ժամանել Թուրքիայի զինված ուժերի գլխավոր շտաբի ներկայացուցիչները։ Հունվարի 10-ին գեներալ-լեյտենանտ Աթիլա Գյունալի գլխավորությամբ ժամանած բարձրաստիճան 22 զինվորականներին ընդունել է պաշտպանության նախարար Իրակլի Ալասանիան։ Կողմերը քննարկել են երկկողմ համագործակցությանն առնչվող հարցեր։ Քննարկվող հարցերից է եղել նաև համագործակցությունը ռազմական արդյունաբերության ոլորտում։

 

Թուրքական պատվիրակությունը Վրաստանում Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքի

Թուրքական պատվիրակությունը Վրաստանում
Նկարը՝ Վրաստանի ՊՆ կայքի

-Հունվարի 11-ին Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին հանդիպել է երկրի զինված ուժերի հրամանատարության հետ։ Հանդիպմանը ներկա էր պաշտպանության նախարարը, ԶՈւ գլխավոր շտաբի պետը,  բարձրաստիճան այլ զինվորականներ։ Զինվորականները վարչապետ Ղարիբաշվիլիին են ներկայացրել վրացական բանակում իրավիճակն ու 2014–ին նախատեսվող ծրագրերը։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *