Աֆղանստանից վերադարձել է վրացի խաղաղապահների հերթական խումբը

Հունվարի 9-ին Վրաստան է վերադարձել Աֆղանստանում խաղաղապահ առաքելություն իրականացնող վրացի զինծառայողների հերթական խումբը։ Նրանց օդանավակայանում դիմավորել են Վրաստանի պաշտպանության նախարարի տեղակալ Միխեիլ Դարչիաշվիլին և զինված ուժերի գլխավոր շտաբի պետի առաջին տեղակալ, գնդապետ Վլադիմիր Չաչիբայան։

Զինվորականները շնորհավորել են հայրենիք վերադարձած զինծառայողներին իրենց առաքելությունը ISAF-ի շրջանակներում բարեհաջող կատարելու համար։

«Աֆղանստանից վերադարձել է Բաթումիի գումարտակի 155 զինծառայող։ Նրանք ԱՄՆ խաղաղապահ բրիգադի կազմում ծառայել են Աֆղանստանի բարդ շրջաններում»,- նշել է Միխեիլ Դարչիաշվիլին։

Զինծառայողները խաղաղապահ առաքելություն են կատարել Աֆղանստանի Հիլմենդ նահանգում։ Նրանց խումբը Աֆղանստան էր մեկնել 2013 թվականի սեպտեմբերին։

Վրացի խաղաղապահների հիմնական առաջադրանքներն են եղել անվտանգության տարածքների վերահսկումը, ինչպես նաև ԱՄՆ ծովային հետևակի զինծառայողների հետ համակորգակցությունը։

Հիշեցնենք, որ օրերս  Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն Աֆղանստանում հանդիպել էր «Հարավ-արևմուտք տարածաշրջանային հրամանատարության» հրամանատար, գեներալ-մայոր Ոուլթեր Միլլերի և «Բելավուդ» մարտավարական խմբավորման հրամանատար Դենիել Սալիվանի հետ։

Վրացի խաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *