Հարավային Սուդանի զինված ուժերի հրամանատարությունից հայտնել են, որ հունվարի 10-ին իրականացված հատուկ գործողության արդյունքում ապստամբ զինյալներից ազատագրվել է Բենտիու քաղաքը և վերահսկողություն սահմանվել հյուսիսային Յունիթի նահանգի վրա։ Այս մասին հաղորդում է Ռոյթերս գործակալությունը։
Ապստամբների գործողությունները գլխավորում էր նահանգի դաշտային հրամանատարներից մեկը, ում ընդդիմությունը, հաջողության դեպքում, խոստացել էր վստահել նահանգապետի պաշտոնը։ Բենտիու քաղաքը նրանք գրավել էին դեռևս 2013-ի դեկտեմբերի վերջին, ինչից հետո ծայր առած զանգվածային թալանի ու սպանությունների հետևանքով հազարավոր խաղաղ բնակիչներ ստիպված եղան լքել իրենց տները։
Հավելենք, որ Յունիթի նահանգը նշանավոր է նաև տնտեսական առումով, քանի որ այստեղ են կենտրոնացած Հարավային Սուդանի նավթային պաշարների գերակշիռ մասը։
Հիշեցնենք, որ Հարավային Սուդանի զինված ուժերի հրամանատարությունը տեղեկացրել էր, որ կառավարական ուժերը շարժվում են դեպի Բոռ և դրանից 15 կմ-ի վրա գտնվող Բենտիու քաղաքները՝ ապստամբների գլխավոր հենակետերը ոչնչացնելու նպատակով։ Բոռ քաղաքում իրականացված հատուկ գործողության վերաբերյալ առայժմ տեղեկություններ չկան։
Հիշեցնենք նաև, որ իրավիճակը Հարավային Սուդանում լարված բնույթ է ստացել 2013-ի դեկտեմբերի 16-ից, երբ երկրի նախկին փոխնախագահ Ռիեկա Մաշառան իրականացրեց հեղաշրջման անհաջող փորձ։ Մայրաքաղաքում անհաջողության մատնվելուց հետո ապստամբները նահանջել են երկրի հյուսիսային շրջաններ։ Կառավարական ուժերն առայժմ հետզհետե վերահսկողություն են սահմանում ապստամբական կենտրոնների նկատմամբ։