Լուրջ թերություններ` Ջերալդ Ֆորդ ավիակրի վրա

Ջերալդ Ֆորդ ավիակրի վրա Պենտագոնի հանձնաժողովի ստուգումների արդյունքում ի հայտ են եկել մի շարք թերություններ, որոնք էականորեն կարող են ազդել ավիակրի արդյունավետության և մարտունակության վրա։ Ինչպես գրում է ամերիկյան Boston Globe թերթը, Պենտագոնի կազմած զեկույցը հայտնվել է լրագրողների ձեռքում, ինչից էլ հայտնի են դարձել ավիակրի վրա հայտնաբերված թերությունները։

Ջերալդ Ֆորդ ավիակիրը

Ջերալդ Ֆորդ ավիակիրը

Ջերալդ Ֆորդ ավիակրի վրա անցկացված նախնական ստուգումները վերհանել են թերություններ առնվազն 4 համակարգի շրջանում, որոնց թվում են նավի ռադիոտեղորոշիչ համակարգը, ինքնաթիռների վերելակները, թռիչքի համար նախատեսված ինքնանետիչն ու վայրէջքի՝ արգելակիչ համակարգը։

Զեկույցի հեղինակների եզրակացությունում նշվում է, որ ավիակրի անխափան աշխատանքի համար առանցքային նշանակությամբ այս համակարգերի թերությունները կարող են բացասաբար անդրադառնալ ինքնաթիռների՝ օպերատիվ կերպով թռիչքների ապահովման համար։ Իսկ ռադիոտեղորոշիչ համակարգի թերությունները կարող են խոցելի դարձնել ավիակիրը հակառակորդի համար։

Բացի վերոնշյալից, ստուգիչ հանձմաժողովն իր եզրակացությունում նշել է նաև չափորոշիչներին չհամապատասխանող կապի համակարգի մասին։ Որպես նշված թերությունների լուծում՝ առաջարկվում է վերանայել այդ համակարգերի նախագծերը և անհրաժեշտության դեպքում ձևափոխել դրանք։

Նշենք, որ Ջերալդ Ֆորդ ավիակիրն առաջին անգամ չէ, որ հայտնվում է քննադատության կենտրոնում։ ԱՄՆ Կոնգրեսը 2013-ին իր մտահոգությունն էր հայտնել ավիակրի կառուցման համար նախատեսված սկզբնական գումարի չափի  22 տոկոսանոց աճի կապակցությամբ։ Կոնգրեսի կողմից առաջարկվեց ժամանակավորապես դադարեցնել նույն դասին պատկանող Ջոն Ֆ. Քեննեդի ավիակրի կառուցումը՝ մինչ առկա անորոշությունների վերջնական հստակեցումը։

Հավելենք նաև, որ 12 միլիարդ ամերիկյան դոլար արժողություն ունեցող Ջերալդ Ֆորդ ավիակիրը ջուրն էր իջեցվել 2013-ի նոյեմբերի 9-ին՝ ԱՄՆ Վիրջինիա նահանգի Նյուպորտ Նյուս նավաշինարանի տարածքում, ինչին պետք է հաջորդեին նավի համակարգերի ստուգումներն ու փորձարկումները։ Սպասվում էր, որ այն ծառայությունը սկսելու է 2016-ին:

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *