Վրաստանի ԶՈւ գլխավոր շտաբի պետը հանդիպել է ISAF-ի հրամանատարությանը

Վրաստանի զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-մայոր Վախտանգ Կապանաձեն Աֆղանստանում հանդիպել է Անվտանգության աջակցության միջազգային ուժերի (ISAF) առաքելության հրամանատարների հետ։

Վրաստանի ԳՇ պետի հանդիպումը ISAF-ի հրամանատարության հետ

Վրաստանի ԳՇ պետի հանդիպումը ISAF-ի հրամանատարության հետ

Հիլմենդ նահանգում Կապանաձեն հանդիպել է «Հարավ-արևմուտք տարածաշրջանային հրամանատարության» հրամանատար գեներալ-մայոր Ոուլթեր Միլլերի և «Բելավուդ» մարտավարական խմբավորման հրամանատար Դենիել Սալիվանի հետ։

Հյուրընկալող կողմը շնորհակալություն է հայտնել Վրաստանին՝ Աֆղանստանում իրավիճակի հավասարակշռության պահպանման համար ներդրում ունենալու համար։

Վրացի խաղաղապահներն ընդգրկված են ամերիկյան զորախմբի կազմում։ Ծառայում են 2009-ի օգոստոսից։ Ներկայումս Աֆղանստանում ծառայում է 1500 վրացի։ Ամեն կես տարին մեկ իրականացվում է վրացի զինծառայողների ռոտացիա։

Մինչ օրս Աֆղանստանում զոհվել է վրացի 29 զինծառայող։ Այս փաստը վրացիների մոտ պարբերաբար դժգոհության ալիք է բարձրացնում։ Մասնավորապես, 2012-ի հոկտեմբերին Աֆղանստանի Հիլմենդ նահանգում մարտական առաջադրանք կատարելիս չպարզված հանգամանքերում զոհվել էր մեկ զինծառայող։

Վրացի խաղաղապահներ

Վրացի խաղաղապահներ

Հատկանշական է նաև, որ Վրաստանի ՊՆ-ն 2012-ին դժվարանում էր Աֆղանստանում ծառայելու նպատակով վրացի պայմանագրային զինծառայողների հավաքագրում կատարել: Վրացական մամուլի համաձայն՝ միայն 2012-ի առաջին քառորդում ավելի քան 100 զինվորական հրաժարվել է ծառայել Աֆղանստանում: Զորացրվելու մտադրությունից նրանց հետ չի պահել անգամ պայմանագրին չհետևելու դեպքում 17 հազար ԱՄՆ դոլար տուգանք վճարելու մասին օրենքը:

Վերջին աղկահարույց դեպքը գրանցվել էր 2013-ի հունիսի 6-ին։ Հիլմենդ նահանգում մահապարտ ահաբեկիչը վրացական ռազմաբազայում բեռնատար մեքենա էր պայթեցրել. զոհվել էր 7 վրացի զինծառայող, վիրավորվել՝ 9-ը։

Վրաստանի լեյբորիստական կուսակցությունն այս միջադեպից հետո առաջարկել էր հանրաքվե անցկացնել ու դուրս բերել վրացական ուժերն Աֆղանստանից։ Սակայն կառավարությունը որոշել էր շարունակել խաղաղապահ գործունեությունը, ինչի համար ԱՄՆ-ն հատուկ շնորհակալություն էր հայտնել Վրաստանին։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *