Ալբանիայի պետական բյուջեում փոփոխություն մտցնելու մասին հունիսի 22-ին հաստատված օրենքով երկրի պաշտպանության նախարարությանը 8,2 միլիոն եվրո (~9,76 մլն ԱՄՆ դոլար՝ հունիսի 28-ի փոխարժեքով) է հատկացվում թուրքական Baykar Savunma ընկերությունից մարտական անօդաչու սարքեր գնելու նպատակով։
Այս մասին հայտնում է ալբանական Exit News բլոգը։
Հիշեցնենք, որ հունիսի 8-ին Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչիի գլխավորած պատվիրակությունն այցելել էր ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Բայքար» ռազմարդյունաբերական ընկերության գիտահետազոտական և արտադրական կենտրոն։
Դրանից մեկ շաբաթ առաջ էլ պաշտոնական այցով Թուրքիայում էր գտնվում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ալբանիան կհամագործակցի թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ և նշել էր, որ մոտ ապագայում երկրի տարածքը վերահսկվելու է «գերխելացի ԱԹՍ-ներով»։
Նշենք, որ Baykar Savunma ընկերության արտադրած Bayraktar TB2 տեսակի անօդաչու թռչող սարքեր են շահագործում Թուրքիան, Ադրբեջանը, Ուկրաինան, Կատարը։ Հայտնի է, որ դրանք ձեռք բերելու պայմանագրեր ունեն Մարոկկոն ու Լեհաստանը։ Բացի այդ, հունիսի 7-ին «Բայքար» ընկերություն այցելած Լատվիայի պաշտպանության նախարարն ակնարկել էր, որ Լատվիան շուտով ձեռք կբերի Bayraktar TB2 ԱԹՍ։