Լատվիայի ՊՆ ղեկավարն այցելել է թուրքական ԱԹՍ-ներ արտադրող ընկերություն

Հունիսի 7-ին Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը Թուրքիայում այցելել է անօդաչու թռչող սարքեր արտադրող Baykar Savunma ռազմարդյունաբերական ընկերության գիտահետազոտական և արտադրական կենտրոն։

Այս մասին տեղեկանում ենք Baykar ընկերության թվիթերյան էջից։ Լատվիայի պաշտպանության նախարարին ընդունել է Baykar Savunma-ի տնօրեն Հալյուք Բայրաքթարը։

Թվիթերի օգտատերերից մեկի հարցին, թե ե՞րբ սպասեն «Բայրաքթար ՏԲ2»-ներին Լատվիայում, ՊՆ Արտիս Պաբրիկսը պատասխանել է՝ «հուսանք՝ բավական շուտով»։

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին Լեհաստանն ու Թուրքիան ստորագրեցին Baykar ընկերության արտադրած «Բայրաքթար ՏԲ2» տեսակի 24 միավոր ԱԹՍ-ի գնման համաձայնագիր։ Լեհաստանի ՊՆ-ն այդ գնումն իրականացրել էր առանց մրցույթի՝ այսպես կոչված «հրատապ գործառնական անհրաժեշտության» շրջանակներում։ 

Հավելենք, որ այս տարվա մայիսին Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ տվյալ պահին Թուրքիայում և ևս 4 երկրում (այդ թվում՝ Ադրբեջանում) ընդհանուր առմամբ շահագործվում է 180 միավոր Bayraktar TB2 անօդաչու թռչող սարք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *