Լեհաստանը Թուրքիայից 24 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է գնելու․ ՊՆ

Լեհաստանը Թուրքիայից գնելու է Bayraktar TB2 տեսակի 24 միավոր ​​անօդաչու թռչող սարք․ չորս հավաքածուներից առաջինը՝ 6 միավորը, լեհական բանակը կստանա 2022 թվականին։ Bayraktar TB2-ները զինված կլինեն հակատանկային հրթիռներով։ Դրանց գնման համաձայնագիրը ստորագրվելու է հաջորդ երեքշաբթի՝ Լեհաստանի նախագահ Անջեյ Դուդայի՝ Թուրքիա կատարելիք պաշտոնական այցի ընթացքում։

Այս մասին լեհական Polskie Radio 24-ին հայտնել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը։ Նախարարը հավելել է, որ թուրքական ռազմարդյունաբերական ընկերության հետ պայմանագրում ներառված է նաև նյութատեխնիկական ապահովման ու ուսումնական փաթեթ, ինչպես նաև փոխհատուցում լեհական «ռազմական ձեռնարկություններից մեկին», որը զբաղվելու է անօդաչու սարքերի սպասարկմամբ։

Պայմանագիրը կնքվելու է առանց մրցույթի՝ այսպես կոչված «հրատապ գործառնական անհրաժեշտության» շրջանակներում։ ՊՆ ղեկավարությունը չէր հայտարարել անօդաչու թռչող սարքի հատուկ մոդելներ գնելու ցանկության մասին, միայն հայտնի էր, որ շուկայի ուսումնասիրություն է ընթանում «Gryf» ծածկանունով ծրագրի շրջանակներում։

Նշենք, որ դեռևս մայիսի 19-ին Լեհաստանի պաշտպանության նախարարն իր թվիթերյան էջում տեղադրել էր Bayraktar TB2-ի լուսանկար Լեհաստանի դրոշով և գրել․ «Շուտով լավ նորություն կլինի… հետևեք թարմացումներին»։

Հավելենք, որ վերջերս հայտնի էր դարձել, որ Մարոկկոյի ռազմաօդային ուժերը Թուրքիայից պատվիրել են 13 միավոր Bayraktar TB2։ Իսկ փետրվարի 22-ին անօդաչուներն արտադրող թուրքական ռազմարդյունաբերական Baykar Savunma ընկերությունը հայտնել էր, որ այդ պահին Թուրքիայում, Ադրբեջանում, Ուկրաինայում և Կատարում ընդհանուր առմամբ շահագործվում է 160 միավոր «Բայրաքթար ՏԲ2» անօդաչու թռչող սարք։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *