Ալբանիայի ՆԳ նախարարն այցելել է ԱԹՍ-ներ արտադրող թուրքական «Բայքար» ընկերություն

Հունիսի 8-ին Ալբանիայի ներքին գործերի նախարար Բլեդար Չուչիի գլխավորած պատվիրակությունն այցելել է անօդաչու թռչող սարքեր արտադրող թուրքական «Բայքար» ռազմարդյունաբերական ընկերության գիտահետազոտական և արտադրական կենտրոն, որտեղ նրանց դիմավորել է ընկերության տնօրեն Հալյուք Բայրաքթարը։

Այս մասին թվիթերյան գրառում է կատարել «Բայքար» ընկերությունը։

Մեկ շաբաթ առաջ պաշտոնական այցով Թուրքիայում էր գտնվում Ալբանիայի վարչապետ Էդի Ռաման, ով Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ հանդիպումից հետո հայտարարել էր, որ Ալբանիան կհամագործակցի թուրքական ռազմարդյունաբերական ընկերությունների հետ և նշել էր, որ մոտ ապագայում երկրի տարածքը վերահսկվելու է «գերխելացի ԱԹՍ-ներով»։

Նշենք, որ հունիսի 7-ին «Բայքար» ընկերություն էր այցելել Լատվիայի պաշտպանության նախարար Արտիս Պաբրիկսը և ակնարկել, որ Լատվիան շուտով ձեռք կբերի «Բայրաքթար ՏԲ2» տեսակի անօդաչու սարքեր։ Իսկ ավելի վաղ՝ մայիսի 24-ին, Լեհաստանն ու Թուրքիան էին ստորագրել 24 միավոր «Բայրաքթար ՏԲ2» ԱԹՍ-ի գնման համաձայնագիր։


Bayraktar TB2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը.

Գործողության շառավիղը՝ մինչև 300կմ,
Թռիչքային առավելագույն զանգվածը՝ 700կգ,
Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
Թռիչքի տևողությունը՝ մինչև 30ժ,
Թևերի բացվածքը՝ 12մ,
Երկարությունը՝ 6,5մ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *