ՄԻԵԴ-ը չի միջամտում հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին

Նկատի ունենալով, որ Մարդու իրավունքների եվրոպական դատարանում (ՄԻԵԴ) իրավական մեխանիզմների շրջանակում միակ հրատապ միջոցը Դատարանի Կանոնների կանոն 39-ի ներքո միջանկյալ միջոց կիրառելու հնարավորությունն է, ինչը, ցավոք, շատ սահմանափակ բնույթ ունի և կիրառվում է հիմնականում կյանքի իրավունքի կամ խոշտանգումներից զերծ մնալու իրավունքի խախտման անդառնալի վտանգի դեպքում, ՄԻԵԴ-ը զերծ է մնում Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների նկատմամբ իրականացվող քրեական հետապնդման հարցերին միջամտելուց։

Այս մասին հայտարարություն է տարածել ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչությունը։

Հայտարարության մեջ նշվում է, որ ՀՀ կառավարությունը բազմիցս պաշտոնապես հայտարարել է և այժմ վերահաստատում է իր այն դիրքորոշումը, որ ներկայումս Ադրբեջանում ապօրինաբար պահվող անձինք հանդիսանում են ռազմագերիներ և առևանգված քաղաքացիական անձինք և օգտվում են 1949թ. Ժնևի կոնվենցիաներով տվյալ անձանց համար սահմանված պաշտպանության երաշխիքներից։ Գերեվարված հայ անձանց դեմ հարուցված ցանկացած քրեական գործ զուրկ է որևէ իրավական հիմքից և բացահայտորեն հակասում է միջազգային իրավական նորմերին։

Ավելին, Ադրբեջանի իշխանության կողմից հայ ռազմագերիների և պահվող քաղաքացիական անձանց նկատմամբ մտացածին մեղադրանքների հիման վրա իրականացվող քրեական հետապնդման ողջ գործընթացը զուգորդվում է արդար դատաքննության հիմանարար իրավունքի տարրերի երաշխիքների կոպտագույն խախտումներով։

Այս առումով, ՄԻԵԴ-ում ՀՀ ներկայացուցչի գրասենյակը ներկայումս իրավասու պետական մարմինների և շահագրգիռ այլ անձանց հետ միասին շարունակում է մասնագիտական քննարկումները այլ միջազգային իրավական մեխանիզմների համատեքստում  հնարավոր արդյունավետ գործիքազմներին դիմելու հնարավորության առնչությամբ՝ գերեվարված հայ անձանց նկատմամբ իրականցվող ապօրինի քրեական հետապնդումների մասին տեղեկություն ստանալու, դրանց որևէ կերպ միջամտելու կամ դրանք կանխելու նպատակով։

Հիշեցնենք, որ Ադրբեջանում գերության մեջ են շարունակում մնալ հայ զինծառայողներ ու քաղաքացիական անձինք, որոնք գերեվարվել կամ առևանգվել են թե՛ 2020թ. Արցախյան պատերազմի ընթացքում, թե՛ դրանից հետո, այդ թվում՝ 2021թ.։

Ադրբեջանը, խախտելով նոյեմբերի 9-ին ՀՀ, ՌԴ ու Ադրբեջան ղեկավարների միջև ստորագրված հայտարարության կետն այն մասին, որ բոլոր պահվող անձինք ու ռազմագերիները պետք է հետ վերադարձվեն, շարունակում է Բաքվում պահել հայերին։ Ավելին, հայ ռազմագերիների մի մասին Ադրբեջանում դատապարտում են մինչև 20 տարի կամ նույնիսկ ցմահ ազատազրկման՝ նրանց կոչելով ահաբեկիչներ։

Վաղը՝ հունիսի 29-ին, Ադրբեջանում անցկացվելու է ևս 14 հայ ռազմագերու դատավարությունը։ Նրանց ևս սպառնում է մինչև 20 տարվա կամ ցմահ ազատազրկում։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *