Վրաստանն Աֆղանստանից հանել է խաղաղապահների իր վերջին խումբը

Այսօր՝ հունիսի 28-ին, Աֆղանստանում ՆԱՏՕ-ի կողմից իրականացվող «Վճռական աջակցություն» առաքելության շրջանակներում ծառայող վրացի խաղաղապահների վերջին խումբը վերադարձել է Վրաստան։

Այս մասին հայտնում է Վրաստանի պաշտպանության նախարարությունը։ Առաքելությանը Վրաստանն անդամակցում է 2004 թվականից։ 17 տարում Աֆղանստանում «Վճռական աջակցության»-ը մասնակցել է Վրաստանի Զինված ուժերի շուրջ 20․000 զինծառայող, նրանցից 32-ը մահացել է տարբեր պայմաններում։

2021 թվականի մայիսի 1-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի՝ Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման մասին հայտարարությունից հետո Վրաստանը սկսեց դուրս բերել իր խաղաղապահներին։

Հիշեցնենք, որ մայիսի 7-ին Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաստատել էր թուրքական պետական «Անադոլու» լրատվական գործակալության այն լուրը, որ Աֆղանստանից դուրս են գալիս նաև Ադրբեջանի խաղաղապահները, որոնց թիվը 120 էր։

Նշենք, որ ՆԱՏՕ-ի «Վճռական աջակցություն» առաքելությանը մասնակցում է նաև Հայաստանը։ 2021թ. փետրվարին ՀՀ պաշտպանության նախարար Վաղարշակ Հարությունյանը հայտարարեց, որ Արցախում ռազմական գործողությունների ժամանակ Հայաստանը զգալի կրճատել է Աֆղանստանում (121-ից մինչև 58-ը) և Կոսովոյում (40-ից մինչև 2-ը) իր խաղաղապահ կոնտինգենտը։

Հավելենք, որ ԱՄՆ-ն առաջին անգամ չէ հայտարարում Աֆղանստանից զորքերի դուրսբերման մասին։ Շուրջ 20 տարվա ներկայությունից հետո նախատեսվում է մինչև սույն թվականի սեպտեմբերի 11-ը ՆԱՏՕ-ի զորքերը դուրս բերել Աֆղանստանից, սակայն որոշ ժամանակ անհրաժեշտ է լինելու պաշտպանել մայրաքաղաք Քաբուլի Համիդ Քարզայի օդանավակայանը։

ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման ֆոնին տարբեր երկրներ հույս ունեն իրենց ազդեցությունը տարածել երկրում։ Դրանց թվում է Թուրքիան, որը մայիսին ՆԱՏՕ-ի խորհրդաժողովի ժամանակ պատրաստակամություն է հայտնել պաշտպանել Համիդ Քարզայի օդանավակայանը։ Այդ թեմայով բանակցությունները դեռևս շարունակվում են։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *