«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի արդիականացումը կավարտվի 2023 թվականի առաջին կեսին, ապա այն կմատակարարվի բանակին։ Այս մասին հաղորդում է ավիակրի նորոգմամբ զբաղվող Ռուսաստանի Միացյալ նավաշինական ընկերությունը (ՄՆԸ)։
Ինչպես փոխանցում է «ՏԱՍՍ» գործակալությունը, ավիակիրը կունենա ինքնաթիռների թռիչքի և վայրէջքի կառավարման նոր համակարգ և նոր ավիոնիկա, հագեցած կլինի «Պանցիր-Մ» զենիթահրթիռային հրանոթային համակարգերով և այլ սարքավորումներով։
Արդիականացումից հետո՝ հունիս-հուլիս ամիսներին, «Ադմիրալ Կուզնեցով»-ը կանցնի մոտ մեկամյա փորձարկման շրջան։ 2023 թ․ տարեվերջին կրեյսերը կմատակարարվի բանակին։
«Ադմիրալ Կուզնեցովը» Ռուսաստանի Ռազմածովային ուժերի միակ ավիակիր հածանավն է։ 2018 թվականի սեպտեմբերին սկսվել էր ավիակրի նորոգումը։ Նախատեսվում էր աշխատանքներն ավարտել եռամյա ժամկետում 2022 թ-ից, սակայն նորոգման աշխատանքների ընթացքում ծագած խնդիրներն անընդհատ ձգձգում էին աշխատանքները։
«Ադմիրալ Կուզնեցովի» հետ կապված նախկինում ևս խնդիրներ են եղել։ 2017 թվականի նոյեմբեր և դեկտեմբեր ամիսներին արգելակող պարանի կտրվելու հետևանքով վթարվել էին տախտակամածային Սու-33 և ՄիԳ-29Կ կործանիչները։
«Ադմիրալ Կուզնեցով» ավիակիրը շահագործման են հանձնել 1991-ին։ Ըստ հաստիքի՝ ավիակիրի վրա նախատեսված է ունենալ 14 միավոր Սու-33 կործանիչ, 14 միավոր ՄիԳ-29 / ՄիԳ-29Կ կործանիչ։ Ավիակիրը մասնակցել է նաև Սիրիայում մարտական գործողություններին։