«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռների կործանման պատճառները կապված են հածանավի հետ

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հրապարակել է 2016-ի նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին Միջերկրական ծովում ՌԴ ՌԾՈւ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս ՌԴ ռազմածովային ուժերի ՄիԳ-29Կ և Սու-33 կործանիչների վթարման պատճառը: Այս մասին հայտնում է «ՏԱՍՍ» գործակալությունը:

Ռուսական ավիակիր «Ադմիրալ Կուզնեցով» հածանավը

Միջադեպերից մեկի ժամանակ մարտական առաջադրանքը կատարելուց հետո՝ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի վրա վայրէջք կատարելիս, ՄիԳ-29Կ ինքնաթիռի՝ սխալ անկյան տակ վայրէջքի պատճառով կտրվել է «արգելակող պարանը»: Մյուս միջադեպի ժամանակ նույնպես պատճառը եղել է կործանիչի վայրէջքի ժամանակ «արգելակող պարանի» կտրվելը, ինչի հետևանքով Սու-33 ինքնաթիռը շարունակել է ընթացքը և ցած ընկել է ավիակրի տախտակամածից:

Երկու դեպքում էլ ինքնաթիռների օդաչուները կատապուլտի միջոցով փրկվել են:

Հաղորդագրության մեջ նշված է, որ նախնական տվյալներով կարելի է խոսել պարանի անորակության մասին, իսկ ինքնաթիռների հետ կապված որևէ բողոք չկա: Հետազոտությունը շարունակվելու է:

Հիշեցնենք, որ ՌԴ ԶՈւ Սու-33 ինքնաթիռը կործանվել էր դեկտեմբերի 3-ին, իսկ ավելի վաղ՝ նույն տարվա նոյեմբերի 14-ին, ավիակրի վրա վայրէջք կատարելիս վթարվել էր ՌԴ ՌԾՈւ ՄիԳ-29Կ կործանիչ:

2016-ի դեկտեմբերին «Կոմերսանտ» պարբերականը, հղում անելով ՌԴ ՊՆ-ում սեփական աղբյուրին, հայտնել էր, որ «Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի տեխնիկական խնդիրների պատճառով նավի վրա տեղակայված ավիախումբը կարող է տեղափոխվել Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա: Ավելի ուշ՝ 2017-ի փետրվարին, «ՌԻԱ Նովոստի» գործակալությունը հայտնել էր, որ ավիակիր հածանավը կվերադառնա նավատորմի հիմնական կայանման վայր:

Հավելենք, որ ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն հայտարարել էր, 2016 թվականին Ռուսաստանի ԶՈւ օդատիեզերական ուժերում ռազմական օդաչուների պակասորդը կազմել է 1300 հոգի։ Պակասորդը կլրացվի 2018-ին։ Բացի այդ,  2015-ին որակավորված մասնագետների պակասով պայմանավորված՝ ծառայության են վերադարձվել ավելի վաղ աշխատանքից հեռացված շուրջ 15 000 զինծառայող։

Հիշեցնենք, որ Ռուսաստանի օդուժում օդաչուների պակասի մասին տեղեկություններ հայտնվեցին դեռևս 2015 թվականին, երբ հաճախակիացել էին ՌԴ ՌՕՈւ ինքնաթիռների ավիավթարները:

 

One response to “«Ադմիրալ Կուզնեցով» ավիակրի ինքնաթիռների կործանման պատճառները կապված են հածանավի հետ

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *