Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Բ. ԱԹՍ-եր

Razm.info-ն փորձել է վերլուծել սեպտեմբերի 27-ից Արցախում ռազմական գործողություններին Թուրքիայի զինված ուժերի մասնակցությունը։ Այս թեմայով մեր առաջին հոդվածը՝ «Թուրքիայի մասնակցությունը պատերազմին. Մաս Ա. F-16-եր» Թուրքիայի ՌՕՈւ F-16 կործանիչների հնարավոր կիրառման մասին էր: Երկրորդ՝ «Մաս Բ»-ում անդրադառնում ենք Bayraktar TB2 ԱԹՍ-ների կիրառմանը:


Սեպտեմբերի 27-ից մեկնարկած պատերազմի հենց սկզբից ադրբեջանական կողմը ակտիվորեն կիրառեց Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ները։ Ի տարբերություն Ադրբեջանի սպառազինությունում եղած այլ անօդաչուների, որոնք կիրառվել էին թե՛ 2016թ․ ապրիլյան պատերազմում, և թե՛ 2020թ․ հուլիսի մարտական գործողություններում, սրանք ռազմական գործողությունների մեր թատերաբեմում կիրառվում էին առաջին անգամ։ 

Մինչ այդ Ադրբեջանը հետախուզականներից բացի ուներ և կիրառում էր իսրայելական արտադրության Harop, Orbiter 1K, Skystriker մահապարտ («կամիկաձե») ԱԹՍ-ներ, որոնք բոլորն էլ թիրախին մոտենալիս պայթում են, այսինքն միանգամյա օգտագործման են։

Bayraktar TB2-ը հարվածային, և ոչ թե մահապարտ անօդաչու է. այն կրում է թուրքական «Ռոքեթսան» ընկերության արտադրության լազերային ուղղորդմամբ ընդհանուր թվով 4 միավոր MAM-L և/կամ MAM-C հրթիռներ, առաջադրանքը կատարելուց հետո վերադառնում է բազա։

Բացի սեփական հրթիռներն արձակելուց՝ այն կարող է նաև ուղղորդել ցամաքային կամ օդային այլ պլատֆորմներից արձակած լազերային ուղղորդմամբ հրթիռներ և ռումբեր։ 


Bayraktar TB2 ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը

Գործողության շառավիղը՝ 150կմ,
Թռիչքային առավելագույն զանգվածը՝ 650կգ,
Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
Թևերի բացվածքը՝ 12մ,
Երկարությունը 6,5մ։


Մեզ հայտնի է, որ պատերազմի ընթացքում Bayraktar ԱԹՍ-ներն Ադրբեջանում տեղակայվել են տարբեր ավիաբազաներում, հայկական կողմի հրթիռային հարվածներից դրանք հնարավորինս ապահովագրելու և «գետնի վրա» դրանց կորուստները նվազեցնելու համար:

Հայտնի բազաներից առաջինը՝ Շամխոր քաղաքից շուրջ 6կմ հյուսիս-արևմուտք ընկած Դալլարի ավիաբազան է, որն Ադրբեջանին ժառանգություն էր մնացել դեռ խորհրդային տարիներից, սակայն հենց 2020թ. ընթացքում ու մասնավորապես ամռանը բազայում կատարվում են հիմնովին վերակառուցման աշխատանքներ, այն արդիականացվում է և տեխնիկապես վերազինվում: Հատկանշական է, որ պատերազմի ընթացքում՝ հոկտեմբերի 2-ին, Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարեց, թե հայկական կողմը հրթիռային հարված է հասցրել Շամխորի շրջանի Սաբիրքենդ գյուղի ուղղությամբ: Այս գյուղը գտնվում է անմիջապես Դալլարի ռազմաբազայի հարևանությամբ՝ թռիչքուղուց շուրջ 600մ հեռավորության վրա:

Bayraktar TB2 ԱԹՍ-ն Եվլախում. լուսանկարը հրապարակվել է հոկտեմբերի 22-ին:

Պատերազմի օրերին արված արբանյակային լուսանկարներից հայտնի է դառնում նաև, որ Bayraktar TB2 ԱԹՍ տեղակայվել է նաև Ադրբեջանի ԶՈւ ԱԹՍ-ների մեկ այլ կենտրոնում, որը գտնվում է Եվլախի օդանավակայանի հարևանությամբ: Լուսանկարում երևում է ԱԹՍ-ի անգարի դիմաց 1 միավոր Bayraktar TB2, իսկ կողքին՝ Hermes 900 ԱԹՍ:

2 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ Քյուրդամիրի ավիաբազայում, հոկտեմբերի 10

Հոկտեմբերի 10-ին արված մեկ այլ արբանյակային լուսանկարում 2 միավոր Bayraktar TB2 ԱԹՍ է երևում նաև Ադրբեջանի կենտրոնական մասում գտնվող Քյուրդամիրի ավիաբազայի արևմտյան հատվածում: Քյուրդամիրի ավիաբազան Ադրբեջանի ՌՕՈւ գրոհիչ ավիացիայի կենտրոնն է, պատերազմի ընթացքում այստեղից էին թռիչքներ կատարում ՍՈւ-25 գրոհիչները: Ինչպես արդեն նշել էինք, Bayraktar TB2 ԱԹՍ-ները, բացի սեփական հրթիռները արձակելուց, կատարում էին նաև այլ պլատֆորմներից արձակված հրթիռների ու ռումբերի լազերային ուղղորդում դեպի թիրախը։

Ինչ վերաբերում է ՍՈւ-25-երին և լազերային ուղղորդմամբ ավիառումբերին, ապա ադրբեջանական կողմը պատերազմի ընթացքում Bayraktar TB2 ԱԹՍ-ի միջոցով ուղղորդում էր ավիացիոն ռումբեր։ Ադրբեջանը սեփական QFAB-250 բեկորա–ֆուգասային ավիառումբերի վրա տեղադրել էր թուրքական Aselsan ընկերության արտադրության LGK լազերային ուղղորդման սարքը, որը չկառավարվող ռումբերը դարձնում է լազերային ուղղորդմամբ։ Այդ ռումբը ադրբեջանական կողմը ցուցադրել էր դեռևս 2018թ․ սեպտեմբերին Բաքվում կայացած ADEX 2018 ռազմարդյունաբերական արտադրանքի ցուցահանդեսին։

QFAB-250 լազերային ուղղորդման ավիառումբ, ADEX-2018

Սոցցանցերում տարածվեց նաև տեսանյութ, որտեղ երևում էր պատերազմի ընթացքում ադրբեջանական կողմից ՀԿՌՀ-ի հրթիռի արձակում։ Տեսանյությում երևացող ՀԿՌՀ-ն բավական նման էր թուրքական Roketsan ընկերության արտադրության TRLG-230 ՀԿՌՀ-ին, որը արձակում է լազերային ուղղորդմամբ հրթիռներ, իսկ Bayraktar TB2 ԱԹՍ-ն ուղղորդում է դրանք թիրախի ուղղությամբ։

Այս համակարգերը համեմատաբար նոր են, և դեռևս չկան նույնիսկ Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում։ Հատկանշական է, որ այս ՀԿՌՀ-ն Թուրքիայում փորձարկվել էր 2020թ․ օգոստոսին, ընդ որում՝ համակարգը մոնտաժված էր «Կամազ» մեքենայի վրա։ Այն ժամանակ ենթադրելի էր, որ «Կամազ»-ի վրա փորձարկումները կարող են հենց Ադրբեջանի համար լինել, քանի որ Ադրբեջանի բանակում «Կամազ» մեքենաների վրա են մոնտաժված թուրքական արտադրության այլ ՀԿՌՀ-ներ՝ T-122 «Սաքարյա», T-300 «Քասրղա» և դրա կառավարվող հրթիռներով տարբերակը՝ TRG-300-ը: Կարելի է արձանագրել, որ պատերազմի ընթացքում թուրքական կողմը այդ ՀԿՌՀ-ները փորձարկել է իրական մարտական պայմաններում։

Կադր Ադրբեջանում TRLG-230-ի արձակումից:

Այուամենայնիվ այս թեմայով թերևս գլխավոր հարցն է, թե ովքեր են կառավարել թուրքական արտադրության ԱԹՍ-ները պատերազմի ժամանակ։

Այս կոնտեքստում ուշադրության է արժանի Ուկրաինայի՝ Bayraktar TB2 ԱԹՍ-ների ձեռքբերման պատմությունը և դրանց օպերատորների պատրաստության ժամկետների հարցը։ Այն քիչ թե շատ կարող է «չափման ուղենիշ» լինել և համեմատվել Ադրբեջանի դեպքի հետ, հասկանալու համար, թե արդյոք ադրբեջանցի մասնագետները կարող էին ունենալ անհրաժեշտ ժամանակ ու փորձ պատերազմի ընթացքում ԱԹՍ-ները կառավարելու համար։

Ուկրաինայի Bayraktar TB2 ԱԹՍ-ների գնման մասին առաջին անգամ մանրամասն հայտնեց լրագրող Յուրի Բուտուսովը 2018թ․ նոյեմբերի 19-ին։ 2019թ․ հունվարի 19-ին այն ժամանակ Ուկրաինայի նախագահ Պոռոշենկոն արդեն պաշտոնապես հաստատում է գնմումը, իսկ շուրջ 2 ամիս անց՝ մարտի 6-ին Պոռոշենկոն հայտնում է, որ իրենք ստացել են ԱԹՍ-ները։ Այդ ժամանակ Ուկրաինան ստացել էր պատվիրված խմբաքանակի միայն մի մասը։ 14 օր անց՝ մարտի 20-ին Ուկրաինայում թուրք մասնագետների ներկայությամբ փորձարկում են ԱԹՍ-ն՝ խոցելով թիրախներ։ Այդ փորձարկմանը ներկա էր նաև ԱԹՍ-ն արտադրող ընկերության գլխավոր տնօրեն Հալյուք Բայրաքթարը։

Սեպտեմբերի 4-ին Ուկրաինայի պաշտպանության նախարարը հայտարարում է, որ Թուրքիայի կողմից ուկրաինացի մասնագետների պատրաստման գործընթացը շարունակվում է, և որ մոտ ապագայում Ուկրաինայի ՌՕՈւ-ն պատրաստ կլինի շահագործել ԱԹՍ-ները։ Այսինքն՝ առաջին խմբաքանակի մատակարարումից 6 ամիս անց էլ Ուկրաինայի ՌՕՈւ-ն դեռևս լիարժեք պատրաստ չէր շահագործելու ստացած ԱԹՍ-ները։

Սեպտեմբերի 27-ին ուկրաինացի մասնագետների առաջին խումբը Թուրքիայում ավարտում է Bayraktar TB2-ների ուսումնական դասընթացը։ Ուկրաինական 15-հոգանոց խմբի մի անդամ մանրամասներ է պատմում ուկրաինական լրատվական կայքերից մեկին, որտեղ նշում է, որ իրենք Թուրքիայում են եղել 3 ամիս և թուրք զինծառայողների կոորդինացմամբ սովորել են ԱԹՍ-ի ղեկավարումը օդում և գետնին, փորձարկել են համալիրի բոլոր համակարգերը՝ տեսախցիկների կախոցները, սպառազինությունը, մարզասարքերը ևն։ 2019թ․ հոկտեմբերին Ուկրաինային է մատակարարվում պատվիրված խմբաքանակի վերջին 3 միավոր ԱԹՍ-ն։ Այդ ժամանակ ևս ընթանում են փորձարկումներ՝ կրկին թուրք մասնագետների անմիջական մասնակցությամբ։

Ուկրաինայի օրինակից կարելի է արձանագրել, որ.

• ԱԹՍ-ների մատակարարումից առնվազն 8 ամիս անց՝ հոկտեմբեր ամսին Ուկրաինայի ՌՕՈւ-ն դեռևս պատրաստ չէր ինքնուրույն ամբողջապես շահագործել ԱԹՍ-ները;

• Ուկրաինացի մասնագետների համար Թուրքիայում պատրաստության կուրսը տևել է շուրջ 3 ամիս, սակայն պատրաստության կուրսից հետո՝ հաջորդ ամիս փորձարկումների ու թռիչքների համար Ուկրաինայում շարունակում էին ներգրավվել թուրք մասնագետների։

Ինչ վերաբերում է Ադրբեջանին, ապա Bayraktar TB2 ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ Ադրբեջանը հետաքրքրություններ էր ունեցել առնվազն 2018թ․ աշնանից։ Այն ժամանակ կոնֆերանսներից մեկի ընթացքում ԱԹՍ-ներն արտադրող թուրքական ռազմարդյունաբերական Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը իր խոսքում նշել էր, որ Bayraktar ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ «Ադրբեջանի հետ շարունակվում են բանակցությունները»: Բայրաքթարի այս հայտարարությունից կարելի էր եզրակացնել, որ առնվազն կա հետաքրքրություն, իսկ ձեռքբերման համար գործարք դեռևս չկար։

Հարկ է նշել, որ 2018-ի դրությամբ Թուրքիան Bayraktar TB2 ԱԹՍ-ները կիրառել էր «Քրդական աշխատավորական կուսակցության» (PKK) դեմ գործողություններում, և այդ ԱԹՍ-ներն այն ժամանակ լայնածավալ ռազմական գործողություններում ներգրավվածություն չէին ունեցել և մարտական պայմաններում լուրջ փորձություններ չէին անցել, չէին հանդիպել հակաօդային պաշտպանության դիմադրությանը:

Միայն 2019թ. ընթացքում Թուրքիան դրանք տեղակայեց Լիբիայում և, ըստ էության, փորձարկեց երկրում ընթացող քաղաքացիական պատերազմում, ապա 2020թ. փետրվարի վերջից Bayraktar TB2-ները ներգրավվեցին Սիրիայի Իդլիբ նահագնում Սիրիայի կառավարական ուժերի դեմ ռազմական գործողություններին: Մարտական փորձից հետո՝ 2020թ. հուլիսին Միացյալ Թագավորության պաշտպանության նախարարը օդուժի թեմատիկայով կոնֆերանսի ժամանակ առանձնահատուկ ուշադրություն դարձրեց Թուրքիայի փորձին ու մասնավորապես՝ Լիբիայում ու Սիրիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների կիրառմանը: Կարելի է ենթադրել, որ մարտական գործողություններում փորձություն անցնելուց հետո միայն Ադրբեջանում գործնականում մեծացավ այս ԱԹՍ-ների հանդեպ հետաքրքրությունը:

Ադրբեջանում ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ քննարկումները ակտիվացան 2020թ․ հունիսին, երբ Ադրբեջանի խորհրդարանը վավերացրեց նույն թվականի փետրվարի 25-ին Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված «Ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագիրը, որով նախատեսված էր 5 տարի ժամկետով Ադրբեջանին տրամադրել շուրջ 29,5 մլն ԱՄՆ դոլար թուրքական ռազմարդյունաբերական արտադրանքի ձեռքբերման համար։ Վավերացումից հետո ադրբեջանական իշխանական աղբյուրները խոսում էին Թուրքիայից զինտեխնիկայի, այդ թվում՝ ԱԹՍ-ների ձեռքբերման մասին։

2020թ․ հունիսին Թուրքիայից ԱԹՍ-ների ձեռքբերմանն անդրադարձավ նաև Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, ով, վկայակոչելով թուրք-ադրբեջանական վերոնշյալ համաձայնագիրը, հայտնել էր, որ աշխատանքներ են գնում Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռքբերելու ուղղությամբ: Թեև նախարարը կոնկրետ ԱԹՍ-ի մոդել չէր նշել, սակայն, այն ժամանակ էլ որպես առավել հավանական տարբերակ դիտարկվում էր հենց Bayraktar TB2-ը, քանի որ Ադրբեջանն արդեն իսկ ուներ հետախուզական և մահապարտ ԱԹՍ-ների լայն պարկ, իսկ հարվածային ԱԹՍ-ներ չկային։ Նախարարի հայտարարությունից կարելի էր արձանագրել, որ առնվազն հունիս ամսվա ընթացքում դրանք Ադրբեջան չէին մատակարարվել, սակայն այդ ուղղությամբ աշխատանքներ տարվում էին։

Ժամանակագրական առումով հաջորդ իրադարձությունը 2020թ․ հուլիսին Տավուշում մարտական գործողություններն էին, որտեղ Ադրբեջանը ներգրավվել էր նաև իր ԱԹՍ-ների պարկը, օգտագործվում էին, թե՛ հետախուզական՝ այդ թվում մարտավարական Hermes-900, և թե՛ մահապարտ ԱԹՍ-ներ, Spike NLOS ղեկավարվող հրթիռներ, սակայն Bayraktar TB2 հարվածային ԱԹՍ-ի ներգրավվում չէր արձանագրվել։ Տեսականորեն չենք կարող բացառել այն կանխավարկածը, որ ԱԹՍ-ներն այդ ժամանակ եղել են Ադրբեջանի սպառազինությունում, պարզապես չեն օգտագործվել, սակայն այս վարկածը քիչ հավանական է, քանի որ պատերազմի ընթացքում խոցված առնվազն մեկ Bayraktar TB2-ի բեկորներից պարզ է դառնում, որ ԱԹՍ-ի կարևոր դետալներից՝ կանադական արտադրության CMX-15D-SW օպտիկական համակարգը տեղադրվել էր 2020թ․ սեպտեմբերին՝ պատերազմին նախորդող օրերին։

CMX-15D-SW օպտիկական համակարգի մնացորդները Bayraktar TB2 ԱԹՍ-ի խոցումից հետո:

Ինչ վերաբերում է ադրբեջանցի մասնագետների պատրաստմանը, ապա նրանք Թուրքիայում Bayraktar TB2 ԱԹՍ-ների կուրսը ավարտում և վկայականներ են ստանում 2021թ․ փետրվարի սկզբին։ Ըստ թուրքական «Հյուրիյեթ» լրատվականի՝ Ադրբեջանի ԶՈւ 77 ներկայացուցիչ շուրջ 4 ամիս տևած կուրսերի ընթացքում սովորել են ԱԹՍ-ի կառավարում, տեխնիկական սպասարկում ևն։

Դատելով ադրբեջանցիների համար նախատեսված ուսումնական կուրսի ժամկետներից՝ Ադրբեջանի ԶՈւ մասնագետները Թուրքիա են մեկնել հենց ընթացող պատերազմի օրերին, ինչը էականորեն նվազեցնում է պատերազմի ընթացքում Bayraktar TB2 ԱԹՍ-ները ադրբեջանական կողմից ինքնուրույն ղեկավարելու հիպոթետիկ հավանականությունը։ Մյուս կողմից՝ քիչ է նաև այն հավանականությունը, որ Ադրբեջանի ԶՈւ մասնագետների մեկ այլ խումբ պատերազմից առաջ գաղտնի կերպով պատրաստություն էր անցել Թուրքիայում, ապա, սեպտեմբեր ամսին ԱԹՍ-ները ստանալով՝ պատերազմին ընթացքում միանգամից անցել էին ԱԹՍ-ների ինքնուրույն ղեկավարմանը, քանի որ Ուկրաինայի փորձը ցույց է տալիս, որ ինքնուրույն շահագործման ժամանակը Ադրբեջանը չուներ։

Բացի հիմնավոր ենթադրությունից ու պնդումից, որ Ադրբեջանը ինքնուրույն չէր կարող պատերազմի ընթացքում շահագործել ԱԹՍ-ներ, և դրան մասնակցել են թուրք մասնագետները՝ կա թուրքական ներգրավման մասին վկայող առնվազն երկու հանգամանք։

Առաջինը պատերազմից առաջ՝ ամռանը, Ադրբեջան այցելած Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության կազմում գեներալ Գյոքսել Քահյայի ներկայությունն է։ Քահյան Թուրքիայի ռազմաօդային ուժերի սպա է, ֆորմալ առումով զբաղեցնում է Թուրքիայի ՊՆ-ի տեղակալի տեղակալի պաշտոնը (ծնթ․ սա վրիպակ չէ, պաշտոնը հենց այդպես է կոչվում), սակայն հայտնի է Լիբիայում Թուրքիայի ԶՈւ այլ սպաների հետ միասին Bayraktar TB2 ԱԹՍ-ների համակարգմամբ:

Թուրքիայի ԶՈւ պատվիրակությունը Ադրբեջանում. Գյոքսել Քահյան աջից վերջինը՝ զինվորական համազգեստով:

Օգոստոսի 13-ին Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարին Բաքվում ընդունում է Ադրբեջանի նախագահը: Ադրբեջանական կողմից, բացի Իլհամ Ալիևից, հանդիպմանը ներկա էր նաև պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը, իսկ թուրքական կողմից պատվիրակության կազմում էին Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Էրքան Օզորալը, ում ներկայությունը պայմանավորված է արարողակարգով, ԳՇ պետ Յաշար Գյուլերը, ՌՕՈւ հրամանատար Հասան Քյուչյուքաքյուզը, ցամաքային զորքերի հրամանատար Ումիթ Դյունդարը, ՌԾՈւ հրամանատար Ադնան Օզբալը և Գյոքսել Քահյան, ով ինչպես նշեցինք զբաղեցնում է ՊՆ նախարարի տեղակալի տեղակալի պաշտոնը, ինչը սուբորդինացիայի տեսակետից անհամատեղելի է մնացած պաշտոնների հետ, և խոսում է այն մասին, որ Քահյայի՝ այդտեղ գտնվելը կրում էր բացառապես գործնական նշանակություն: Դրա մասին է վկայում նաև այն հանգամանքը, որ ներկա գտնվողներից միայն Քահյան էր հանդիպմանը եկել «պատրաստված»՝ նոթատետրով ու պայուսակներով:

Գյոքսել Քահյան Ադրբեջանի նախագահի հետ հանդիպմանը

Հատկանշական է նաև, որ Քահյան ներկա է լինում նաև նոյեմբերի 8-ին Բաքվում Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայի ՊՆ և ԱԳՆ նախարարների հանդիպմանը, ինչպես նաև դեկտեմբերի 31-ին կրկին Ադրբեջանի նախագահի հետ Թուրքիայի պաշտպանության նախարարի գլխավորած պատվիրակության հանդիպմանը: Այս երկու հանդիպումներում ևս Քահյան ներկայացել էր «պատրաստված»:

Երկրորդը՝ պատերազմից հետո՝ դեկտեմբերի վերջին, Թուրքիայի ՊՆ պատվիրակության Ադրբեջան այցի ընթացքում կազմակերպվում է միջոցառում, որտեղ բեմից ելույթ են ունենում Թուրքիայի և Ադրբեջանի պաշտպանության նախարարները, իսկ դահլիճում նստած սպաների շարքերում նկատվում է նաև Թուրքիայի ԶՈւ «ԱԹՍ-ների հրամանատարության» գնդապետ, որի տարբերանշանի վրա, ինչպես տեսնում եք, պատկերված է Bayraktar TB2 ԱԹՍ։

Թուրքիայի ԶՈւ ԱԹՍ-ների հրամանատարության սպան Ադրբեջանում

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *