Ադրբեջանում վավերացրել են Թուրքիայի հետ կնքած ռազմական ֆինանսավորման համաձայնագիրը

Թուրքիայի և Ադրբեջանի միջև փետրվարի 25-ին ստորագրված «Ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագրով, նախնական տվյալներով, Թուրքիան հինգ տարի ժամկետով 200 մլն լիրա (մոտ 29,5 մլն ԱՄՆ դոլար (2020թ. հունիսի 8-ի փոխարժեքով)) կտրամադրի Ադրբեջանին՝ սեփական ռազմարդյունաբերական ընկերությունների արտադրանքը գնելու համար։

Մայիսի 31-ին այս համաձայնագիրը վավերացվել է Ադրբեջանի խորհրդարանում։

Նախօրեին ադրբեջանական իշխանամետ աղբյուրները տեղեկություններ են տարածել, թե Ադրբեջանը պատրաստվում է Թուրքիայից այդ գումարով թուրքական արտադրության անօդաչու թռչող սարքեր (ԱԹՍ), «Աթաք» (Atak) հարվածային ուղղաթիռ և «Ալթայ» (Altay) տանկ գնել, որն առավելապես քարոզչության է նման:

Կարևոր է նշել, որ թուրքական «Ալթայ» տանկերն առայժմ նույնիսկ Թուրքիայում դրված չեն սերիական արտադրության, հայտնի չէ՝ երբ կդրվեն, քանի որ տանկի համար անհրաժեշտ շարժիչ թուրքական ընկերությունները չեն կարողանում գտնել։

Նշենք նաև, որ նման համաձայնագիր Ադրբեջանի և Թուրքիայի միջև ստորագրվել էր նաև 2017թ.՝ կրկին հինգ տարի ժամկետով, սակայն այն ժամանակ Թուրքիան Ադրբեջանին տրամադրելու էր շատ ավելի քիչ գումար՝ մոտ 8 մլն ԱՄՆ դոլար։

Հիշեցնենք, որ համաձայնագիրը ստորագրվել էր փետրվարի 25-ին՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի գլխավորած պատվիրակության Բաքու այցի ընթացքում։ Էրդողանը մասնակցում էր երկու երկրների միջև «ռազմավարական համագործակցության խորհրդի» 8-րդ նիստին։

Նիստի ավարտին երկու կողմերի միջև ստորագրվել էր տարբեր ոլորտների 14 համաձայնագիր, որոնցից մեկը՝ «ռազմական ֆինանսավորման մասին» համաձայնագիրը ստորագրվել էր երկու երկրների պաշտպանության նախարարների միջև։ 

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *