Հոկտեմբերի 14-ին Թուրքիայում կոնֆերանսի ժամանակ թուրքական ռազմարդյունաբերական Baykar Makina ընկերության տեխնիկական տնօրեն Սելչուք Բայրաքթարը իր խոսքում նշել է, որ «Բայրաքթար» ԱԹՍ-ների ձեռքբերման շուրջ «Ադրբեջանի հետ շարունակվում են բանակցությունները»:
Սելչուք Բայրաքթարի խոսքը փոխանցում է թուրքական «Հյուրիյեթ» պարբերականը: Խոսելով արտերկիր արտահանման հնարավորություններից՝ նա մասնավորապես նշել է.
Այս պահին 2 երկրի ենք վաճառելու [Բայրաքթար ԱԹՍ-ներ]: Այդ թիվը հասցնելու ենք 4-ի: Ադրբեջանի հետ բանակցությունները շարունակվում են:
Խոսքից կարելի է ենթադրել, որ ներկայում Ադրբեջանին վաճառքի գործընթաց չկա, այլ ընթանում են բանակցություններ:
Նշենք, որ կա «Բայրաքթար» ԱԹՍ-ի երկու տարբերակ՝ հետախուզական և հարվածային: Հայտարարությունից պարզ չէ, թե որ տարբերակի ձեռքբերման շուրջ են բանակցությունները:
Այնուամենայնիվ, դատելով Ադրբեջանի ԱԹՍ-ների պարկից, ավելի հավանական է թվում հենց հարվածային տարբերակի ձեռքբերումը, քանի որ Ադրբեջանը ունի բավականին հագեցած հետախուզական ԱԹՍ-ների պարկ, ունի նաև կամիկաձե ԱԹՍ-ներ, իսկ հարվածային ԱԹՍ-ներ՝ ոչ:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի և՛ հարվածային, և՛ հետախուզական տարբերակները առկա են Թուրքիայի ԶՈւ սպառազինությունում և կիրառվել են մարտական պայմաններում:
Նշենք, որ սա Ադրբեջանի կողմից այս ԱԹՍ-ի ձեռքբերման հնարավորության մասին առաջին վկայությունը չէ: Դեռ 2015-ին նույն Սելչուկ Բայրաքթարը հայտարարել էր, որ ի թիվս այլ եկրների Ադրբեջանը ևս հետաքրքրված է այդ ԱԹՍ-ներով:
«Բայրաքթար» ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 150կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,