Մոտ երկու շաբաթ առաջ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը տվեց ակնհայտ քարոզչական հարցազրույցներ, որոնք ուղղված էին նաև հենց հայկական լսարանին` «փորձելով խաղալ» նաև մեր ներքին խնդիրներով: Այդ իսկ պատճառով, մենք հարցազրույցներին առանձնակի վերապահումներով մոտեցանք և անդրադառնում ենք հիմա՝ զտելով քարոզչական ուղերձները, որոնք համեմված էին թե՛ ակնհայտ անհեթեթ, թե՛ ոչ այնքան անհեթեթ պնդումներով:
Հասանովի հարցազրույցներում հնչած որոշ կետերի անդրադառնում ենք մեր մեկնաբանությամբ: Առաջ անցնելով նշենք, որ, ընդհանուր առմամբ, այս հարցազրույցներն, ըստ էության, կրկնում էին Հասանովի թեզերը, որոնք նա ասում էր նախորդ հարցազրույցներում:
Երկու հարցազրույցին անդրադառնում ենք միասին՝ ըստ թեմաների:
Նոր կորոնավիրուսն Ադրբեջանի բանակում
Ադրբեջանի ԶՈւ-ում կորոնավիրուսի տարածման մասին խոսելիս Հասանովը խուսափում է ամբողջական պատկերը և թվեր ներկայացնելուց: Փոխարենը՝ խոսում է ԶՈւ-ում առանձին ոլորտներից ու օգտագործում հստակություն չենթադրող բառեր: Օրինակ՝ ասում է, որ իրենք բանակում կարանտին էին մտցրել, խնդիրներ չունեին, սակայն հետո «զորակոչն արեցին, սկսվեց գնալ-գալը և զորակոչիկների շրջանում մի քանի դեպք եղավ:» Նույն կերպ, առանց հստակության հայտնում է, որ «երիտասարդների գալով զորավարժարաններում* էլ է դեպքեր գրանցվել»:
* Նշենք, որ Ադրբեջանի բանակը պանդեմիայի ժամանակ անցկացրել է երկու խոշոր զորավարժություն՝ չհաշված այլ փոքր վարժանքները:
Հասանովը խոսում է նաև այլ երկրներում ռազմական կրթություն ստացող կուրսանտների ու սպաների վիճակի մասի՝ ներկայացնելով կուրսանտների թվի մասին որոշակի թվեր: Ըստ դրա՝ միայն Թուրքիայում սովորող 1000 կուրսանտ և Չինաստանում սովորողները շարունակել են ուսումը, երկիր չեն վերադարձել: Հետ են վերադարձել ԱՄՆ-ում, Իտալիայում** և միայն Ռուսաստանում սովորող 200 կուսանտ և սպաներ: ԱՄՆ-ից և Ռուսաստանից վերադարձածների մոտ վարակման և կասկածելի «մեկ-երկու» դեպք է եղել: Հասանովը նաև նշել է, որ ՌԴ-ում ունեն օդաչուներ, որոնք շարունակում են թռիչքները:
** Եթե նշված մնացած երկրները ադրբեջանցի կուրսանտների ու սպաների համար «ավանդական/սովորական» ուղղություններ էին, ապա Իտալիան ցանկում «նորույթ էր»: Այստեղ կուրսանտների առկայության հանգամանքը կարող է պայմանավորված լինել այդ երկրից M-346 ուսումնամարտական ինքնաթիռների գնմամբ, որի մասին պաշտոնապես հայտնել էին այս տարվա փետրվարին:
Հասանովը հայտնել է նաև, որ պաշտպանության նախարարությունը ունի իր լաբորատորիաները և իրենք են թեստեր անում: Նրանց նաև օգնել են պետանվտանգության ծառայությունից, սակայն չի մանրամասնել, թե ինչ կերպ:
Թուրքիայից ԱԹՍ-ների ձեռքբերում
Զաքիր Հասանովը, վկայակոչելով վերջերս վավերացված Թուրքիայի հետ կնքած ռազմական ֆինանսավորման համաձայնագիրը, հայտարարում է, որ աշխատանքներ են գնում Թուրքիայից ԱԹՍ-ներ ձեռքբերելու ուղղությամբ: Թեև չի նշում, թե ինչ ԱԹՍ-ի գնման մասին է խոսքը, հնարավոր է, որ դրանք կլինեն հարվածային Bayraktar TB2-ներ:
ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագիրը հետևյալն է.
- Գործողության շառավիղը՝ 150 կմ,
- Առավելագույն թռիչքային զանգվածը՝ 650 կգ,
- Օգտակար բեռնատարողությունը՝ 50կգ,
- Առավելագույն արագությունը՝ 222 կմ/ժ,
- Թռիչքի տևողությունը՝ առավելագույնը 24ժ,
- Թևերի բացվածքը՝ 12 մ,
- Երկարությունը 6,5 մ,
Ադրբեջանի սպառազինությունում կան տարբեր տեսակի հետախուզական և մահապարտ ԱԹՍ-ներ, սակայն հարվածային ԱԹՍ-ներ, որոնք կարող են հրթիռներ արձակել, հայտնի չեն: Առնվազն դեռ 2018-ից Ադրբեջանը հետաքրքրվել է այս ԱԹՍ-ներով, դրա մասին հայտնել է արտադրող ընկերության տեխնիկական տնօրեն, Թուրքիայի նախագահի փեսա Սելչուք Բայրաքթարը: Նախորդ տարի և հետագա ժամանակներում այս ԱԹՍ-ները «մարտական մկրտություն» ստացան Սիրիայում և Լիբիայում, այս իրողությունը հնարավոր է՝ մեծացներ Ադրբեջանի հետաքրքրությունը:

Ինչ վերաբերում է գնին, ապա 2018-ին Թուրքիան Ուկրաինային 6 մարտական ԱԹՍ, 2 կառավարման կայան և 200 կառավարվող հրթիռ վաճառել է 69 մլն ԱՄՆ դոլարով, իսկ Թուրքիայի և Ադրբեջանի միջև կնքված ֆինանսավորման պայմանագիրը նախատեսում է շուրջ 30 մլն դոլարի վարկ: Այնուամենայնիվ ԱԹՍ-ների գնագոյացումը հայտնի չէ, ուստի դժվար է այստեղ դատողություններ անել:
Բացի Bayraktar TB2-ից, հնարավոր տարբերակ է նաև թուրքական հարվածային մեկ այլ ԱԹՍ՝ Anka-S-ը: Ըստ ադրբեջանական մասնագիտացված «Ազերիդիֆենս» լրատվակայքի՝ Թուրքիայի ռազմարդյունաբերությունից իրենց անանուն աղբյուրը փոխանցել է, որ Ադրբեջանը երկու տարբերակն էլ դիտարկում է, սակայն Bayraktar-ի դեպքում հնարավոր է արտահանման խնդիրներ լինեն, քանի որ ԱԹՍ-ի որոշ կարևոր մասեր արտադրվում են արևմտյան երկրներում, և հնարավոր է լինի նրանց համաձայնության անհրաժեշտությունը: Այս ԱԹՍ-ի մարտավարատեխնիկական բնութագրին կարող եք ծանոթանալ այստեղ:
Առաջնագիծ
Պատասխանելով առաջնագծում իրավիճակի մասին հարցին՝ նախարարը «նեղսրտում է» հայկական դիտարկման սարքերից: Ակնհայտ է, որ տարիների ընթացքում տեղադրված դիտարկման սարքերն «իրենց գործն արել են»՝ էապես մեծացնելով ադրբեջանական «փոքր արկածախնդրությունների» գինը: Սա, այնուամենայնիվ, այլ ավելի խոշոր մարտահրավերներից ապահովագրություն չէ:
Շինարարություն, կադրեր
Հասանովը խոսում է Ադրբեջանի ԶՈւ֊ում բարեփոխումների 10-ամյա պլանի մասին, որն, ըստ իրեն, հաստատվել էր 2013-ին, երբ ինքը նշանակվեց պաշտպանության նախարար: Հայտնում է, որ ընթացիկ 7-րդ տարում բարեփոխումների իրականացումը «գործնականում ավարտել են»: Նախկինում այդ պլանի մասին թե՛ պաշտոնական, թե՛ ոչ պաշտոնական բաց աղբյուրներից մենք տեղեկություններ չենք հանդիպել:
Խոսելով շինարարությունից նշում է, որ «բանակի ենթակառուցվածքների 90 տոկոսը կամ նոր են ստեղծվել, կամ կապիտալ վերանորոգվել են»: Նման թիվ Հասանովն ասել էր նաև 2019-ի գարնանը տված հարցազրույցում՝ ընգծելով, որ 2020-ին բարեկարգված կլինեն բոլորը: Թեև հայտարարությունը չափազանցված է, սակայն տարիների ընթացքում մեր դիտարկումներում արձանագրել ենք նոր զորամասերի, ռազմական օբյեկտների կառուցման կամ եղածների հիմնարար վերանորոգման խոշոր աշխատանքներ՝ ինչպես առաջնագծին մոտ, այնպես էլ խորը թիկունքում:
Ինչ վերաբերում է կադրերին, ապա Հասանովն ասում է, որ «բանակի 80 տոկոսը պրոֆեսիոնալ են (սպաներ, ենթասպաներ, պայմանագրայիններ), 10 տոկոսը՝ քաղաքացիականներ, մնացածը՝ ժամկետայիններ»։ Հատկանշական է, որ նույն օրը տված երկու հարցազրույցում էլ խոսում է այս թվերից՝ շփոթելով դրանք: Մյուս հարցազրույցում էլ Հասանովը հայտարարում է, որ «70 տոկոսից ավելին է պրոֆեսիոնալ»: Նշենք նաև, որ «80 տոկոսի մասին» Ադրբեջանում առաջին անգամ չեն խոսում, նույն թիվը նախագահ Ալիևը հայտնել էր նաև 2018-ին: Ինչ վերաբերում է քաղաքացիականներին, ապա, ըստ նրա խոսքերի, աշխատանքի են վերցրել առաջնագծային հատվածի բնակչությունից՝ ստեղծելով աշխատատեղեր: Թեև այս թվերն ակնհայտ անհեթեթությունների դասից չեն, սակայն, սրանց պետք է վերաբերել որպես «Հասանովի հայտնած թվեր», ոչ ավելին: