ՆԱՏՕ–ն կքննարկի Մոսկվային հակազդելու քաղաքականությունը

«Ռուսաստանի գործողությունները սպառնալիք են ԱՄՆ-ի և դաշնակից ՆԱՏՕ երկրների անվտանգության համար, այդ պատճառով էլ ՆԱՏՕ պաշտպանության նախարարների հանդիպմանը կքննարկվի Մոսկվային հակազդելու քաղաքականությունը»։ Հանդիպումը նախատեսվում է այս շաբաթ։

Այսպիսի հայտարարություն են արել ԱՄՆ պաշտպանության նախարարության ներկայացուցիչները, որոնց աննունները չի նշվում, փոխանցում է ռուսական «Ինտերֆաքս» գործակալությունը։

Պենտագոնի ներկայացուցիչները հայտարարել են, թե Ռուսաստանը «փորձում է քայքայել ամբողջ աշխարհի անվտանգությունն ու կայունությունը»։ Ամերիկյան կողմը դա տեսնում է նաև ռուս-չինական համագործակցության մեջ, որն, ըստ Պենտագոնի ներկայացուցիչների, հաշվարկի վրա հիմնված փոխգործակցություն է։

Հիշեցնենք, որ ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենի իշխանության գալուց հետո մի շարք հայտարարություններ են հնչել ԱՄՆ ռազմավարության վերանայման մասին։ Օրինակ՝ փետրվարի սկզբին հայտնի դարձավ, որ Պենտագոնում նոր աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակելու է Հնդկա֊Խաղաղօվկիանոսյան շրջանում Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարությունը։

Մինչ այդ էլ հայտարարվել էր, որ Պենտագոնը, Բայդենի հրամանով, գլոբալ վերանայելու է աշխարհում ԱՄՆ զինված ուժերի բաշխումը, դրանց ռեսուրսները, ռազմավարությունն ու առաքելությունները։ Վերանայման ընթացքում ԱՄՆ-ն խորհրդակցելու է իր բոլոր մեծ և փոքր դաշնակիցների ու գործընկերների հետ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *