Պենտագոնը Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարություն է մշակելու

ԱՄՆ Պաշտպանության նախարարությունում նոր աշխատանքային խումբ է ստեղծվել, որը մշակելու է Հնդկա֊Խաղաղօվկիանոսյան շրջանում Չինաստանին դիմակայելու շուրջ ԱՄՆ նոր ռազմավարությունը։

Այս մասին փետրվարի 10-ին հայտարարել է ԱՄՆ նորընտիր նախագահ Ջո Բայդենը՝ նշելով, որ այս քայլն ուղղված է խաղաղությանն ու այդ տարածքում ԱՄՆ շահերի պահպանմանը։

Աշխատանքային խմբում ներգրավված են լինելու ՊՆ թե՛ քաղաքացիական, թե՛ զինվորական մասնագետներ։ Նրանք պետք է առաջիկա ամիսներին չինական հարցի շուրջ առաջարկություններ ներկայացնեն պաշտպանության նոր նախարար Լլոյդ Օսթինին։ Ըստ Բայդենի՝ խումբը զբաղվելու է ռազմավարության և օպերատիվ կոնցեպցիաների մշակմամբ, տեխնոլոգիական հարցերով և Չինաստանի նկատմամբ ուժերի դասավորությամբ։

Նշենք, որ Բայդենն իշխանության գալուց հետո հայտարարել էր, որ Չինաստանի հետ հարաբերություններն այնպիսին չեն լինելու, ինչպիսին ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի օրոք էր։ «Մեզ պետք է, որ հակամարտություններ չլինեն, բայց մեր միջև առավելագույնս մրցակցություն կլինի»,– ասել էր Բայդենը։

Չինաստանի ու ԱՄՆ միջև մրցակցությունը Հնկա֊խաղաղօվկանոսյան շրջանում երրորդ երկրների վրա ազդեցության մեծացումն է։ Օրինակ՝ ԱՄՆ ազդեցությունը Ավստրալիայում, Հնդկաստանում, Ֆիլիպիններում և Ճապոնիայում ավելի շատ է, քան Ինդոնեզիայում, Մալայզիայում, Թայլանդում և Վիետնամում։

Տարածաշրջանի միջին ազդեցության տերությունները, ինչպիսիք են Ավստրալիան, Ճապոնիան կամ Հնդկաստանը, այնքան էլ չեն ցանկանում, որ Հնկա֊խաղաղօվկիանոսյան շրջանը համարվի չինամերիկյան մրցակցության օբյեկտ։ Այս երկրների շահերը հիմնականում կայանում են նրանում, որ տարածաշրջանի ծովային հաղորդակցության ուղիներն ազատ ու բաց մնան, և որ իրենց կարևոր առևտրային գործընկերությունները կենսունակ և անվտանգ լինեն: Իսկ հարավարևելյան Ասիայի ավելի փոքր երկրներն ապրում են չինամերիկյան մրցակցության ստվերում և չեն շտապում բացահայտ որևէ կողմ ընտրել:

Հիշեցնենք նաև, որ ավելի վաղ Բայդենը հրամայել էր Պենտագոնին վերանայել աշխարհում ԱՄՆ զինված ուժերի բաշխումը, դրանց ռեսուրսները, ռազմավարությունն ու առաքելությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *