ԱՄՆ-ն վերանայելու է իր զորքերի բաշխումն աշխարհում. Պենտագոն

ԱՄՆ պաշտպանության նախարարությունը, նորընտիր նախագահ Ջո Բայդենի հրամանով, վերանայելու է աշխարհում երկրի զինված ուժերի բաշխումը, դրանց ռեսուրսները, ռազմավարությունն ու առաքելությունները։ Վերանայման ընթացքում ԱՄՆ-ն խորհրդակցելու է իր բոլոր մեծ և փոքր դաշնակիցների ու գործընկերների հետ։

Այս մասին հայտարարել է ԱՄՆ նորանշանակ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինը՝ նշելով, որ վերանայման գործընթացը ղեկավարելու է պաշտպանության նախարարի քաղաքականության գծով տեղակալը, ով խորհրդակցելու է նաև աշխատակազմի շտաբերի պետերի կոմիտեի նախագահի հետ։

Նախօրեին ամերիկյան The New York Times պարբերականը հայտնում էր, որ Բայդենը հրամայել է նաև սառեցնել ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի ադմինիստրացիայի պլանները Գերմանիայից զորքերի դուրս բերման մասին։ Նախատեսվում էր, որ զորքերի մի մասը կտեղափոխվեն Բելգիա ու Իտալիա, իսկ մյուս մասն արդյունքում կվերադառնային ԱՄՆ։ Դրանից հետո էլ Բայդենը հրամայել է վերանայել ամերիկյան զորքերի տեղաբաշխումը։

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն տարիներ շարունակ հայտարարում է իր զորքերն Աֆղանստանից դուրս բերելու մասին, սակայն ԱՄՆ֊ն մինչ օրս ռազմական ներկայություն ունի այդ երկրում։ 2019թ. վերջին էլ Թրամփը հայտարարեց, որ զորքերը դուրս է բերում նաև Սիրիայից, որովհետև «ենթադրվում էր, որ ԱՄՆ֊ն Սիրիայում պետք է լինի 30 օրով», սակայն եկավ ու մնաց ավելի երկար։

Բացի այդ, 2020թ. հունվարի 5-ին Իրաքի խորհրդարանն ընդունեց օրինագիծ, որով պահանջում էր, որ իր տարածքից դուրս բերվեն բոլոր այն ուժերը, որոնք օգնել են իրենց «Իսլամական պետության» դեմ պայքարում։ Այնուհետ, ԱՄՆ-ն սկսեց նվազեցնել իր զորքերի քանակը նաև Իրաքում։

Այնուամենայնիվ, բոլոր այս երկրներում ԱՄՆ ռազմական ներկայությունը շարունակում է պահպանվել։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *