Ի՞նչ է կատարվում Սիրիայում Էրդողանի ու Թրամփի հայտարարություններից հետո

Հոկտեմբերի 6-ի երեկոյան Սպիտակ տունը հայտարարեց, որ ԱՄՆ–ն չի աջակցելու Սիրիայի հյուսիսում Թուրքիայի նախատեսած ռազմական գործողությանն ու դուրս է բերելու իր զորքերը Սիրիայից, ինչը նշանակում է, որ Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններում քրդական ուժերը թուրքական սպառնալիքի առաջ մնում են միայնակ, քանի որ մինչ այդ նրանց աջակցում էր ԱՄՆ–ն։

Նախօրեին գրել էինք, որ Թուրքիայի նախագահ Էրդողանը, մեղադրելով ԱՄՆ–ին Սիրիայի հյուսիսում «անվտանգության գոտու» ստեղծմանն ուղղված պարտավորությունները չկատարելու համար, սպառնացել էր միայնակ գործողություն սկսել «քրդական ահաբեկչական ուժերի դեմ»։

Այսօր առավոտյան Էրդողանն ու Թրամփը հեռախոսազրույց էին ունեցել, որի ընթացքում էլ ձեռք էր բերվել համաձայնությունը, որ ԱՄՆ–ն չէր մասնակցելու գործողություններին, բացի այդ՝ կողմերը պայմանավորվել են հանդիպել Վաշինգտոնում հաջորդ ամիս՝ նոյեմբերին։

Սպիտակ տան հայտարարությունից մի քանի ժամ անց համացանցում տեղեկություններ, լուսանկարներ ու տեսանյութեր տարածվեցին Սիրիայի հյուսիային շրջաններից ամերիկյան զորքերի դուրսբերման մասին։ Այս տեղեկությունն ավելի ուշ հաստատեցին նաև Էրդողանն ու Թրամփը։

ԱՄՆ նախագահն իր թվիթերյան էջում գրում էր․

«Ենթադրվում էր, որ ԱՄՆ–ն պետք է լինի Սիրիայում 30 օրով, դա շատ տարիներ առաջ էր։ Մենք մնացինք ու ավելի խորացանք այդ արտաքուստ աննպատակ թվացող կռվում։ Երբ ես եկա Վաշինգտոն, ԻՊ–ն մոլեգնում էր այդ [Սիրիայի – Ռազմինֆո խմբ.] տարածքում։ Մենք արագորեն ոչնչացրինք ԻՊ խալիֆայությունը, այդ թվում՝ ձերբակալելով հիմնականում Եվրոպայից եկած 1000–ավոր ԻՊ զինյալների։ Սակայն Եվրոպան նրանց հետ չուզեց, նրանք ասացին «դու պահիր նրանց, ԱՄՆ»։ ․․․ Ես դիմադրել եմ այս պատերազմին մոտ 3 տարի, բայց արդեն ժամանակն է, որ մենք դուրս գանք այս անմիտ ու անվերջանալի պատերազմներից ․․․ և տուն վերադարձնենք մեր զինվորներին։ Մենք կռվելու ենք մեր օգտին և կռվելու ենք միայն հաղթելու համար։ Թուրքիան, Եվրոպան, Սիրիան, Իրանը, Իրաքը, Ռուսաստանն ու քրդերը հիմա պետք է հասկանան իրավիճակը և թե ինչ են ուզում անել ձերբակալված ԻՊ զինյալների հետ։ Նրանք բոլորն ատում են ԻՊ–ին ու տարիներ շարունակ թշնամիներ են եղել։ Մենք 7000 կմ հեռու ենք և ԻՊ–ի դեմ կրկին կկռվենք, եթե նրանք գան մեր մոտակա տարածքներ»։

Թվիթերյան քուրդ օգտատեր Ջահիդա Դերսիմը հրապարակել էր լուսանկարներ և գրել, որ ամերիկյան զորքերը դուրս են գալիս մասնավորապես Սիրիայի հյուսիսարևելյան ալ–Հասաքա և Թել Աբյադ շրջաններից․

Նույն օգտատերը գրում էր նաև, որ Թել Աբյադում այժմ Թուրքիայի սպառնալիքների դեմ բողոքի ցույցեր են իրականացնում տեղի բնակիչները․

Այս տարվա օգոստոսի 7–ին ԱՄՆ–ն ու Թուրքիան համաձայնեցին Սիրիայի հյուսիսում՝ Եփրատի արևելյան մասում, անվտանգության գոտի ստեղծել, սակայն Թուրքիայի պահանջները բավարարվեցին ոչ ամբողջությամբ․ թուրքական կողմը ցանկանում էր, որ անվտանգության գոտին ունենա 30-40 կմ խորություն, սակայն ամերիկացիների պնդմամբ սահմանվեց միայն 14 կմ խորություն։

Նախատեսվում էր, որ այդ շրջաններից պետք է դուրս բերվեին Սիրիայի քրդական «ժողովրդական ինքնապաշտպանության ջոկատները» (YPG), որոնց Թուրքիան համարում է «Քրդստանի աշխատավորական կուսակցության» (PKK) մի ճյուղը։ Այս ուժերին մինչ այսօր աջակցում էր ԱՄՆ-ն։ Սեպտեմբերի 9-ից թուրք-ամերիկյան զորքերը համատեղ պարեկային ծառայություններ էին իրականացնում այդ տարածքներում։

Թուրքական կողմը հայտարարում է, որ Սիրիայի հյուսիսային այս շրջաններից քրդական ուժերին դուրս բերելուց հետո այստեղ վերաբնակեցվելու են Թուրքիայում ապաստանաց սիրիացի փախստականները։

Արձագանքներ

Սիրիայում իրավիճակի վերաբերյալ արդեն հայտարարություններ են արել ՄԱԿ–ից, ԵՄ–ից, Իրանից ու Ռուսաստանից։ ՄԱԿ–ը կոչ է արել պաշտպանել Սիրիայի քաղաքացիական բնակչությանը, իսկ ԵՄ–ն քննադատել է Թուրքիայի գործողությունները, նշելով, որ մշտապես հայտարարվել է՝ Սիրիայում իրավիճակը ռազմական ճանապարհով չի կայունանա։

Ռուսաստանն ու Իրանն էլ, որոնք աջակցում են Սիրիայի նախագահ Ասսադին, հայտարարել են, որ Թուրքիան պետք է հարգի Սիրիայի տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը։ ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարեց, որ պետք է խուսափել այնպիսի քայլերից, որոնք կարող են խոչընդոտել Սիրիայում կոնֆլիկտի խաղաղ կարգավորմանն, այն էլ այն ժամանակ, երբ վերջացել են Սիրիայի հարցով սահմանադական կոմիտեի ստեղծման աշխատանքները։

Իսկ Իրանի արտգործնախարար Ջավադ Զարիֆն իր թվիթերյան էջում գրում է․ «ԱՄՆ–ն Սիրիայում անտեղի զավթիչ է։ Անօգուտ է անվտանգության համար սպասել նրա թույլտվությանը կամ ապավինել դրան։ Սիրիայում խաղաղություն ու ահաբեկիչների դեմ պայքար կլինի միայն դրա տարածքային ամբողջականության ու բնակչության հանդեպ հարգանքի շնորհիվ»։

Թրամփի որոշումը, բնականաբար, քննադատեցին նաև քրդերը։ «Սիրիայի դեմոկրատական ուժերի» (SDF) մամուլի խոսնակ Մուստաֆա Բալին գրում էր, որ քրդերը չէին սպասում, թե ԱՄՆ–ն պետք է պաշտպանի հյուսիսարևելյան Սիրիան, սակայն տեղի բնակչությանը ստիպված են բացատրել, որ ԱՄՆ–ն չի կատարում իր պարտավորությունները․

ԱՄՆ–ում էլ այս որոշման դեմ բողոքում է հանրապետական սենատոր Լինդսի Գրեհեմը, որը նշում է, որ եթե իսկապես ԱՄՆ–ն դուրս գա Սիրիայից, ապա ինքը բանաձև է ներկայացնելու Սենատ՝ Թրամփի որոշումը կանխելու, իսկ ռազմական գործողություն սկսելու դեպքում Թուրքիայի նկատմամբ պատժամիջոցներ սահմանելու համար։

Այս ամենի վերջում Թրամփը սպառնում է «ոչնչացնել Թուրքիայի տնտեսությունն, ինչպես դա արել է նախկինում, եթե Թուրքիան այնպիսի բան անի, որն ինքը կհամարի սահմաններից դուրս»․


Այսօր Թուրքիան ևս մեկ տարով հետաձգել է երկրի զինված ուժերին Սիրիայի և Իրաքի տարածքներում ռազմական գործողություններ իրականացնելու թույլտվությունը, որը կիրառվում է 2007թ–ից։

Հիշեցնենք, որ Սիրիայից զորքերի դուրսբերման մասին Թրամփը հայտարարել էր դեռ 2018թ․ դեկտեմբերի 19–ին։ Այն ժամանակ նշվում էր, որ կոալիցիոն զորքն արդեն հաղթել է ԻՊ–ին և այդ տարածքից դուրս է բերվելու 60-100 օրվա ընթացքում, սակայն, ամենայն հավանականությամբ, այս դուրսբերումն առժամանակ հետաձգվել էր։

Հետաքրքիր է, որ Թրամփի այս հայտարարությունը հետևել էր Էրդողանի՝ Եփրատի արևելքում նոր գործողություն սկսելու հայտարարությանը։ Այս ընթացքում, սակայն ԱՄՆ–Թուրքիա միջև այլ խնդիրներ էին ծագել՝ ռուսական Ս-400 ՀՕՊ համակարգերի ու F-35 կործանիչների շուրջ։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *