ՌԴ-ն և Պակիստանը զենքի մատակարարման պայմանագրեր են կնքել

Պակիստանում փետրվարի 11-16-ը անցկացվող «ԱՄԱՆ-21» միջազգային ռազմածովային զորավարժությունների ժամանակ Պակիստանի բանակի շտաբի պետ գեներալ Կամար Ջավեդ Բաջվան հայտարարել է, որ Ռուսաստանի Դաշնության և Պակիստանի միջև կնքվել են հակատանկային համակարգերի, հակաօդային պաշտպանության միջոցների և հրաձգային զենքերի մատակարարման պայմանագրեր։

Այս մասին հայտնում է ռուսական պետական «ՌԻԱ Նովոստի» լրատվական գործակալությունը։ ՌԴ ռազմատեխնիկական համագործակցության դաշնային ծառայությունը դեռևս չի մեկնաբանել այդ հայտարարությունը։

Պակիստանյան բանակի շտաբի պետի խոսքերով՝ «Ռուսաստանը Պակիստանի լավ ընկերն է», որի հետ իրենք կցանկանային խորացնել համագործակցությունը ոչ միայն ռազմական ոլոտում։ Գեներալը նաև հիշեցրել է, որ վերջին տարիներին Պակիստանը ՌԴ-ից գնել է Մի-35 ռազմական ուղղաթիռներ։

Նշենք, որ Ռուսաստանի իրավանախորդ ԽՍՀՄ-ը, հետո էլ Ռուսաստանն ավանդաբար հրաժարվել են զենք արտահանել Պակիստան: Միայն 2002-ից հետո Ռուսաստանը Պակիստանին է վաճառել 26 միավոր Մի-171 ու 4 միավոր Մի-8 բեռանատար ուղղաթիռներ, ընդ որում՝ Մի-8-երը՝ սեփական սպառազինությունից: Իսկ 2014-ի հունիսից ռուսաստանյան իշխանությունները հանել են Պակիստանի նկատմամբ կիրառվող էմբարգոն, որպեսզի կարողանան այդ երկրին վաճառել Մի-35 ուղղաթիռներ ու սկսել բանակցությունները։

Մեկնաբանել

Ձեր էլ. փոստի հասցեն չի հրատարակվելու: Պարտադիր դաշտերը նշված են *